11/07/2026

EU – Armenia

Մակրոնի դեմ ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞

Ֆրանսիայի նախագահի շարասյունը մոտենում էր Սիրիայի նախագահական պալատին, Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել։

Ըստ տեղեկությունների, Էմանուել Մակրոնի երթուղուն «զուգահեռ փողոցում միմյանից տասը մետր հեռավորությամբ տեղադրվել է երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, որ գործի են դրվել, երբ անվտանգության աշխատակիցները պատրաստվում էին դրանք վնասերծել»։

Արաբական միացյալ էմիրություններում լույս տեսնող անգլիալեզու The National պարբերականի տեղեկություններով՝ «Սիրիայի իրավապահ մարմինները հակված են վարկածին, որ ահաբեկչությունը կազմակերպել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի մերձավոր շրջապատի մարդիկ, որ ներկայումս բնակվում են Ռուսաստանում»։ Այդ մասին գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի և Սիրիայի նախագահները համաձայնության են եկել, որ Բաշար Ասադի շրջապատի ազդեցիկ անձանցից մեկի՝ Ֆրանսիայում կալանքի տակ գտնվող գույքի արժեքի մի մասը, շուրջ հիսուն միլիոն եվրո, կհատկացվի Սիրիայի կառավարությանը՝ «մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար»։

Արաբական լրատվամիջոցի ունեցած տեղեկություններով՝ Դամասկոսում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվում է Բաշար Ասադի զարմիկ Ռամի Մահլուֆան։ Անցյալ տարի նա հանդես է եկել «ալավիների դիմադրության ճակատ կազմակերպելու նախաձեռնությամբ»։ Ստույգ հայտնի չէ, որ Մահլուֆան բնակվում է Ռուսաստանում։

Ֆրանսիայի նախագահի Դամասկոս այցի օրը կազմակերպված ահաբեկչությունը կարող է ունենալ ավելի լայն համատեքստ։ Սիրիայի գործող իշխանությունները վայելում են Արևմուտքի աջակցությունը։

Բացառված չէ, որ անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաայի մերձավոր շրջապատում կան ուժեր, որ Սիրիայի աշխարհիկ ընտրությունը չեն ընդունում և փորձել են ցույց տալ, որ «Դամասկոսում անվտանգ» չէ։ Հնարավոր է, ահաբեկչության փորձը ձեռնտու է եղել նաև նրանց, որ արաբական երկրում Ֆրանսիայի ազդեցության հակառակորդ են։

Եթե հետաքննությունը պարզի, որ ահաբեկչության փորձը կազմակերպել են Ռուսաստանում ապաստանած Բաշար Ասադի շրջապատի մարդիկ, ապա, ամենայն հավանականությամբ, Սիրիայի իշխանությունները կպահանջեն, որ նրանք արտահանձնվեն։