Մենք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ քննարկել ենք Չինաստանը, այս պատերազմում նրա դերը, մասնակցությունը կամ պոտենցիալ մասնակցությունը, նրա հնարավորությունները,- Unian-ի փոխանցմամբ առցանց մամուլի ասուլի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահի հետ բանակցությունների մասին հարցին։
Զելենսկու խոսքերով՝ ռուս-ուկրաինական պատերազմին Չինաստանի «մասնակցության» ներգրավվածության հարցում «իրավիճակ» է փոխվել։ Նա ասել է, որ եվրոպացի «որոշ առաջնորդներ» իրեն տեղեկացրել են, որ պաշտոնական Պեկինը «այս կամ այն ձևով միջուկային զենք կիրառելու մասին ռուսաստանյան ԶԼՄ-երի հայտարարություններին շատ լուրջ, շատ կոշտ է արձագանքել»։
Ուկրաինայի նախագահի այս պնդումը, անշուշտ, դիվանագիտական այլասացության «ժանրից» է: Չինաստանի համար ռուսաստանյան մամուլի հրապարակումները չեն կարող այնքան կարևոր լինել, որպեսզի այդ առթիվ պաշտոնական Պեկինը «շատ լուրջ, շատ կոշտ արձագանքի»։ Դրանից, սակայն, չի հետևում, թե Չինաստանը ռուս-ուկրաինական ճակատում միջուկային զենքի կիրառման հավանականության հանդեպ չի կարող «շատ լուրջ, շատ կոշտ» ուղերձ հղել։
Այստեղ արդեն հարկ է փաստել, որ վերջին շաբաթներին Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ ուղղակի շփում ունեցած միակ պաշտոնյան Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է։ Ընդ որում, նա Պեկին է մեկնել Վալդայում Վլադիմիր Պուտինի հետ երկօրյա փակ քննարկումներից հետո։
Կարելի է ենթադրել, որ Լուկաշենկոն «կատարել է Պուտինի հանձնարարությունը, փորձել պարզել, թե Ուկրաինայի դեմ միջուկային զենք օգտագործելու հարցում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ինչ մոտեցում ունի»։ Կամ էլ Սի Ծինփինը կանխել է հարցադրումը և նախապես հասկացրել, որ նման քննարկումն իսկ անիմաստ է։
Պատահական չէ, որ Չինաստանից վերադառնալով՝ Լուկաշենկոն Բելառուսի զինվորականներին հավաստիացրել է, որ նրանց երբեք Ուկրաինա չի ուղարկի։ Հարկ է նաև արձանագրել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդած բելառուսա-ուկրաինական լարվածությունը վերջին օրերին, կարծես, մարել է։
Ուկրաինայի նախագահը փաստացի հրապարակայնացրել է, որ Ռուսաստանը «միջուկային զենք կիրառել չի կարող»։ Ոչ ոք, իհարկե, չի կարող հարյուրտոկոսյա վստահություն ունենալ, որ Ռուսաստանը Չինաստանի «արգելքը չի հաղթահարի», բայց կոնկրետ այս փուլում այդ հավանականությունը, հավանաբար, չափազանց նվազ է։

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիան վտանգում է նոր պառակտում Վաշինգտոնի հետ անտառահատման կանոնակարգերի շուրջ
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM
Դուք պատրաստ եք կանաչ լույս տալ Հունգարիայի 10 միլիարդ եվրոյի վերականգնման ծրագրին