ԱԺ նախընտրական ողջ քարոզարշավը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անցկացրեց սեպտեմբերին ծագելիք ավերիչ պատերազմի սպառնալիքով, եթե «Քաղպայմանագիրը», իր ասելով, չստանար սահմանադրական մեծամասնություն:
Հաշվարկը գերճշգրիտ էր՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության շոկը դեռեւս չհաղթահարած բնակչությունը պետք է ականջալուր լիներ այն անձի խոսքին, որն զբաղեցնում էր պետության բարձրագույն պաշտոնը: Բնական է, որ ամեն ինչ կաներ, որպեսզի խուսափեր նոր ավերիչ պատերազմից: Դե իսկ ամեն ինչ անելն էր նշանակում էր քվե տալ իշխանությանը: Իզուր չէր ամերիկյան խորհրդատվական ինչ-որ մասնավոր ընկերության հետ առնչություն ունենալու վերաբերյալ տեղեկատվության հայտնվելն այդ օրերին:
Հասկանալի է, որ մի քանի ամիս շարունակ մարդկանց պատերազմով սպառնալը չէր կարող արդյունք չտալ: Հատկապես մարդկային այն կատեգորիայի կողմից, ովքեր նման հարցերում առաջնորդվում են հանրային հեռուստատեսության «կլիշեներով» (կարծրատիպային պատկերով)՝ ենթադրելով, թե դա իրենց սեփական կարծիքն է: Ի դեպ, այդ երեւույթին անձամբ եմ առնչվել՝ 2000-ականների առաջին տասնամյակում որպես հարցազրուցավար ու համակարգող մասնակցելով սոցիոլոգիական բազմաթիվ հետազոտությունների: Ու քարոզարշավին ինչ էլ աներ ընդդիմությունը, այդ երեւույթի դեմ ինքը պետք է անզոր գտնվեր: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 1988-ի երկրաշարժից այս կողմ ակտիվ, ինչպես նաեւ որոշակիորեն գրագետ մարդկանց մեծ մասն արտագաղթել էր, իսկ մնացածների մեծ մասն էլ «վերադաստիարակվել» էր նախկինների սերիալներով ու նիկոլական քարոզչությամբ:
Այնպես որ, իշխող քաղաքական ուժի՝ եթե հնարավոր է այդ խմբակն անվանել քաղաքական ուժ, հաղթանակն էն գլխից ապահովագրված էր: Ուրիշ հարց, որ դա անբարոյական հաղթանակ էր, որովհետեւ դա հաղթանակ էր ոչ թե հանուն սեփական երկրի, այլ ընդդեմ նույն այդ երկրի եւ դրա ժողովրդի՝ հանուն իշխանության վերարտադրության: Եվ այն կերտվեց ոչ միայն մասնավոր ինչ-որ ընկերության խորհրդատվության, այլեւ նախորդ երեք տասնամյա կառավարման ավանդույթի շնորհիվ եւ դրա ձեւավորած պայմանների շրջանակում, ինչը պետք է խոստովանվի, այլապես այդ շրջանակից ելք չի գտնվի: Ինչպես ժամանակին Հ. Թումանյանն էր ասում, որ ներսից ենք փչացած ու մինչեւ դա չընկալենք ու չընդունենք, դրա դեմ պայքարել չենք կարող: Ու չընկալելն էր պատճառը, որ 100-ամյա ախտը դեռեւս նիկոլներ ու դրանց ենթարկվող բազմություններ է ծնում մեզանում, ու մենք դրա դեմ ոչինչ անել չենք կարողանում:
Եվ երբ դա բարձրաձայնվում է, իշխող ուժի ներկայացուցիչներն այլ բան չեն գտնում, քան մեզ մեղադրելու, թե ընդդիմությունն էլ անընդհատ 300 հազար ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի թեման էր առաջ քաշում: Իհարկե, Հայաստանից հեռացել է ոչ թե 300 հազարը, այլ, եթե չեմ սխալվում, ընդամենը 180 հազարը: Ու նրանք հեռացել են ոչ թե մի կերպ իրենց կյանքը փրկելով, այլ տները վաճառելով ու իրենց կահ-կարասին մեքենաներ բարձելով, ինչի մասին կերազեին Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցները: Բայց եթե սեպտեմբերին ծագելիք պատերազմի մասին անընդհատ գուժում էր ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, 300 հազարի թեման ընդդիմության հնարածը չէր: Դա թշնամի երկրում պետական քաղաքականության մակարդակի բարձրացված հարց էր (եւ է)՝ անընդհատ շրջանառվող: Իսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո այն, ինչ ասվում է արեւելյան բռնապետի կողմից, սովորաբար կյանքի է կոչվում՝ ցանկանանք դա, թե ոչ:
Այնպես որ, դրանք նույն հարթության վրա դրվող հարցեր չեն: Բայց դա, դժբախտաբար, չի ընկալում այն ժողովուրդը, որ հինգ տարին մեկ պետական իշխանություն է ընտրում: Դա, ենթադրաբար, ընկալում են նրանք, ովքեր ընդդեմ ընդդիմության շրջանառում են 300 հազարի թեման: Չգիտեմ, երբ հնարավոր կլինի Հայաստանն ազատել պարտվողական իշխանությունից: Բայց մի բան հստակ է՝ այդ ժամանակ պետք է հարց տրվի այդ անձանց, թե իրենք իսկապես չէի՞ն ընկալում, որ սեպտեմբերին ծագելիք ավերիչ պատերազմի սպառնալիքն ու 300 հազար ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի թեման չեն կարող գտնվել նույն հարթության վրա: Ու տեսնելով նրանց դեմքի արտահայտությունը՝ ցավ զգալ, որ մենք պատկանում ենք նույն ժողովրդին:

Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Փաշինյանը հովանավորներ էր ման գալիս, երբ ես բարեգործություն էի անում
Ինչու էր Նիկոլ Փաշինյանը զանգահարել Վլադիմիր Պուտինին