31/12/2025

Ադրբեջանը իր «ազգային հերոսի» դիակը ընդունելու մտադրություն չունի

Շվեդիայի Մալմո քաղաքացի ծերանոցում մահացել է Ադրբեջանի «ազգային հերոս» Շահին Թաղիևը:

Նա այդ կոչմանն արժանացել է 1992թ. ամռանը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջաններում ադրբեջանական բանակի զավթողական ռազմագործողություններին ակտիվ մասնակցության համար:

Մեկ տարի հետո Թաղիևը ծանր վիրավորում է ստացել, տևական բուժումից հետո զինվորական ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի և փոխգնդապետի կոչումով զորացրվել: Թաղիևը Ադրբեջանը լքել է 2001 թվականին: Կյանքի վերջին տասը տարին նա անցկացրել է ծերանոցում:

Թաղիևի մահվան լուրը հայտնել են Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները: Այդ կապակցությամբ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության «Ազադլիգ/Ազատություն» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան գրառում է կատարել և մանրամասնել, որ «ազգային հերոսը հայրենիքից հեռացել է, որովհետև նրան կյանքի ապահովությունը երաշխավորղ աշխատանք չեն տվել, հետապնդել են՝ որպես Աբուլֆազ Էլչիբեյի գաղափարական հետևորդի»:

Բաքվի իշխանական լրատվամիջոցները Թաղիևի մահվան մասին որևէ տեղեկություն չեն տարածել: Պետական ոչ մի հաստատություն, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունը, ցավակցական խոսք չի հրապարակել:

Ըստ երևույթին, իշխանությունները «ազգային հերոսի» դիակը Բաքու տեղափոխելու մտադրություն չունեն:

Ադրբեջանում հայտնի «իրավապաշտպան» Ասլան Իսմայլովը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ կապ է հաստատել Թաղիևի հարսի հետ: Վերջինս հայտնել է, որ զբաղվում են «հերոսի մարմինը հայրենիք տեղափոխելու հարցով, բայց դա ժամանակ է պահանջում»: Իսմայլովը ենթադրել է, որ «հարցը կլուծվի տոներից հետո»:

Նա հույս է հայտնել, որ «իշխանությունները հերոսի պատվավոր հուղարկավորության համար ամեն ինչ կանեն»: Վերջին ձևակերպումը վկայում է, որ Ադրբեջանը իր «ազգային հերոսի» դիակը ընդունելու մտադրություն չունի: Նրա թաղման արարողությունը կարող է վերածվել բողոքի ակցիայի: