25/01/2026

Ի՞նչ է սա նշանակում մեզ պես երկրների համար. 5 գլխավոր թեզ

Դավոսում Կանադայի վարչապետը Մարկ Քարնին փաստացի ազդարարեց հետպատերազմյան աշխարհակարգի վերջնական փլուզումը։ Այնպես, ինչպես ժամանակին Չերչիլն իր ֆուլտոնյան ճառում հայտարարեց «երկաթե վարագույրի» մասին, որը բաժանեց հետպատերազմյան Եվրոպան և ազդարարեց «սառը պատերազմի» սկիզբը:

Բայց այս անգամ ավելի տեղին է կիրառել մեկ այլ մտածողի Թոմաս Հոբսի՝ «Բոլորը բոլորի դեմ պատերազմ» հասկացությունը, որով նա նկարագրում էր մարդկության «բնական վիճակը»՝ մինչև պետությունների ի հայտ գալը:

Այժմ էլ աշխարհը, կարծես, «առաջ՝ դեպի ետ» տարբեկակով սրընթաց վերադառնում է կայսերությունների դարաշրջան, երբ ունիվերսալ գլոբալ կարգը փոխարինվում է «ամրոցների» մրցակցությամբ։

Ի՞նչ է սա նշանակում մեզ պես երկրների համար. 5 գլխավոր թեզ․

1 Կանոնների դարաշրջանն ավարտված է։ Միջազգային իրավունքն ու ինստիտուտները այլևս չեն պաշտպանում փոքրերին։ Խոշոր խաղացողները առաջնորդվում են բացառապես ուժի իրավունքով, իսկ օրենքները կիրառում են ընտրովի՝ երբ իրենց ձեռնտու է։

2 Միայնակ մնալը կործանարար է։ Հեգեմոնների հետ «դեմ առ դեմ» բանակցելը թուլության նշան է։ Միջին պետությունները կա՛մ պետք է միավորվեն կոալիցիաներում, կա՛մ կկլանվեն։ Չեզոքությունը այլևս անվտանգություն չի երաշխավորում։

3 Ինքնիշխանությունը՝ դիմադրողականություն է։ Նոր աշխարհում անկախությունը որոշվում է ոչ թե հռչակագրերով, այլ ճնշմանը դիմակայելու ունակությամբ։ Տնտեսական կախվածությունը խոցելի է դարձնում ցանկացած քաղաքական դիրքորոշում։

4 Արժեքներն առանց ուժի՝ ոչինչ են։ Ժողովրդավարությունը միայնակ չի կարող լինել «մուտքի տոմս»։ Եթե արժեքները ամրապնդված չեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական հզորությամբ, դրանք մնում են լոկ գեղեցիկ խոսքեր։

5 «Ապրել ճշմարտության մեջ» նշանակում է իրերը կոչել իրենց անուններով։ Դիվանագիտական մեղմասացությունները (էվֆեմիզմները) և լռությունը դաշնակիցների սխալների հանդեպ միայն քայքայում են վստահությունը։

Հետևություն. Հին աշխարհին վերադարձ չկա։ Նոր աշխարհն իրողություն է, այն հնարավոր չէ չտեսնել անգամ փակ աչքերով:  Պետք է առնչվել այդ իրողության հետ, կառուցել այն՝ առանց պատրանքների, բայց ազդեցության ռեալ մեխանիզմների:

Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան էջից