26/01/2026

Միացյալ Նահանգները «պետք է Երևանին և Բաքվին օգնելու հանձնառություն ստանձնի

Դավոսում ստորագրվել է «Խաղաղության խորհրդի» Կանոնադրությունը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ստեղծվում է միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություն»:

Հանդիսավոր արարողությանը, մինչդեռ, չեն մասնակցել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը, Պարսից ծոցի արաբական երկրները, Եգիպտոսը, Թուրքիան:

Փաստաթուղթը, որպես «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Տարածված տեսագրությունը բավական խորհրդանշական է: Արարողակարգային լուսանկարի համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ-երկու վայրկյան կանգնել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ազատ թողնված տեղում:

Ամենայն հավանականությամբ, դա նրա անձնական նախաձեռնությունն է: ԱՄՆ նախագահը, կարծես, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ասում է, որ ինքը «դադարեցրել է Հայաստան-Ադրբեջան պատերազմը» և կարող է նույն արդյունքին հասնել այլ հակամարտությունների կարգավորման դեպքում:

Այս առումով ուշագրավ է Բաքվի իշխանական մամուլի մի տեղեկատվություն, ըստ որի ամերիկյան RAND Corporation հեղինակավոր կենտրոնի վերլուծաբան Ուիլյամ Դանբարը տեսակետ է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիրը կարող է «ստորագրվել առանց անհապաղ վավերացման պայմանի»:

Նա կարծում է, որ այդ դեպքում Միացյալ Նահանգները «պետք է Երևանին և Բաքվին օգնելու հանձնառություն ստանձնի, որպեսզի արդեն իսկ սկիզբ առած գործնական հարաբերությունները քայլ առ քայլ վերաճեն անշրջելի համագործակցության»:

Ադրբեջանական լրատվամիջոցը փորձագիտական այս տեսակետը գնահատում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման «պլան Բ» այն դեպքում, երբ «Հայաստանում սահմանադրական փոփոխությունները խնդրահարույց կլինեն»:

Հասկանալի է, թե ինչ է ակնարկվում, բայց տվյալ դեպքում կարևոր է դիտարկել, որ Միացյալ Նահանգների նախագահը, կարծես, հակված է նրան, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին» պայմանագիրը հնարովորինս արագ ստորագրվի:

Դոնալդ Թրամփին, երևի, այնքան էլ հետաքրքիր չէ, թե պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար ինչ «փաստարկ» է բերում Իլհամ Ալիևը: Մանավանդ որ նրա «հիմնավորումը» գործնական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատմանը բացարձակապես չի խոչընդոտում:

Արարողակարգային լուսանկարում պատկերվելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, ԱՄՆ նախագահն ակնհայտորեն հասկանալ է տալիս, որ հայ-ադրբեջանական կարգավորումը շարունակում է իր համար առաջնահերթություն մնալ:

Ավելին, գործընթացի հաջողությունը «Խաղաղության խորհրդի» միջազգային լեգիտիմության երաշխիք է: