2018թ. այսպես կոչված հեղափոխությունից հետո ավելի ուշադիր եմ հետևում հայաստանյան իրադարձություններին և դրանում առկա փսևդոեվրոպական արժեքներին: Չեմ ցանկանում խոսել այսպես կոչված եվրոպական արժեքներից կամ մարդու իրավունքներից, քանզի գրեթե ամեն օր դրանք Եվրոպայում կոպտորեն ոտնահարվում են:
Չեմ անդրադառնում նաև երկակի ստանդարտներին: Կատարեմ միայն մի քանի համեմատություններ իմ սիրելի հայրենակիցների համար. անկախ նրանից, թե նրանք հավատում են Եվրոպային, թե Ռուսաստանին, Հավաքական Արևմուտքին, թե Արևելքին, կամ ավելի հիասթափված են Ռուսաստանից, թե հավաքական Արևմուտքից:
Սիրելի հայրենակիցներ, վստահեցնում եմ ձեզ, երկու կողմերն էլ. թե հավաքական Արևմուտքը, թե´ Ռուսաստանը վճարում են միայն իրենց վստահելի և հավատարիմ ուժերին`բացառապես իրենց իսկ շահերի համար: Չկա որևէ հայաստանյան շահ, կամ օգուտ հայ ժողովրդի համար:
Այսօր մեզ Եվրամիությունը, գրեթե ԵՄ բոլոր երկրների ղեկավարները միաբերան գովերգում են Ադրբեջանի հետ հաստատակամորեն խաղաղության գնալու համար, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար: Այո, ճիշտ է, որ ամենավատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը: Սակայն խաղաղությունը չի կարող լինել պարտադրված մի երկրի հետ, որտեղ առ այսօր կան պաշտոնապես 23 ռազմաքաղաքական գերիներ:
Ավելին, նրանց հանդեպ իրականացվում է նսեմացնող և լկտի դատավարություն, այն էլ ցուցադրաբար և ամենակարևորը նույն ԵՄ լռության և համաձայնության պայմաններում: Հիշեք՝ ԵՄ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիք չի տվել, իսկ դիտորդները գտնվում են Հայաստանում բացառապես Իրանի և ՌԴ համար:
Հետաքրքիր է, ինչով է բացատրվում այն փաստը, որ գերմանացիները, լատիշները, լիտվացիները կամ էստոնացիները, օրինակ տիկին Կայա Կալասը, ինչու՞ արդեն 80 տարի անց երկրորդ աշխարհամարտից հետո, առ այսօր գերմանացին շարունակում է վախենալ Ռուսաստանից և չվստահել ռուս ժողովրդին, իսկ մերձբալթյան երկրների ժողովուրդները խոսում են իրենց պատմության մասին և նշում, որ ապրում են ճամպրուկների վրա և սարսափահար են ռուսներից:
Եվ սա ամեն րոպե Գերմանիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի իշխանություններն անձնուրաց կերպով քարոզում են իրենց երկրներում և միշտ խոսում Ռուսաստանից եկող վտանգների մասին: Սիրելի ԵՄ քաղաքական գործիչներ, իսկ ինչ խղճով և ազնվությամբ եք քարոզում և համոզում հայերիս, որ վստահենք Թուրքիային, ով 110 տարի առաջ մեզ պլանավորված փորձեց բնաջնջել, և ընդամենը հինգ տարի առաջ բացահայտ դուրս եկավ փոքր և միայնակ Հայաստանի դեմ պատերազմի և հասավ իր ծրագրերի իրագործմանը:
Եվ ինչպես վստահենք Ադրբեջանին, երբ ձեր իսկ երկրներում բացահայտ խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, երբ ձեր աչքերի առաջ և ձեր թողտվությամբ 120 հազար հայեր երեք օրվա ընթացքում բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից` Լեռնային Ղարաբաղից:
Վստահ եմ, որ այս ամենը ԵՄ քաղաքական գործիչները լավ հասկանում են և մտածված օգտագործում են արդեն խաբված, հիասթափված և անորոշության մեջ գտնվող հայ ժողովրդին բացառապես Ռուսաստանի հետ իրենց առճակատման պատճառով:
Թեև շահ բառն արդեն իսկ վատ է հնչում և ի սկզբանե անկեղծության պակասի ու ուրիշինը դեպի քեզ քաշելու տպավորություն ստեղծում, բայց բոլորս հաշտ ենք այն մտքի հետ, որ աշխարհում քաղաքական բարեկամություն չկա, կան միայն շահեր:
Բայց շահերն ու բացառապես դրանցով առաջնորդվելը, հավանաբար նույնպես, սահմաններ պետք է ունենան, մի բան, որն աշխարհում իսպառ վերացել է՝ իր հետ վերացնելով նաև այսպես կոչված եվրոպական արժեքները:
Նույնը, իհարկե կասեմ գոյություն չունեցող ռուսաստանյան արժեքների մասին: Սակայն, ցավալին նա է, որ Հայաստանի օրվա իշխանությունը լավ գիտենալով ու հասկանալով այս ամենը, միայն վերարտադրվելու և ևս հինգ տարիներ հայ ժողովրդի հարկերի հաշվին ապրելու ու վայելելու համար գնում է նման ստոր քայլի` խաբելով Հայաստանի ողջ ժողովրդին, իսկ փոքր և արնաքամ եղած երկրին տանում անկանխատեսելի առճակատման:
Մի՞թե հնարավոր չէ, գոնե մեկ անգամ ազնիվ լինել ընտրողի հետ և մտածել երկրի ապագայի մասին, կրել պատասխանատվություն կատարած սխալների համար և խնդրել ներողություն ժողովրդից: Եթե, չխաբեք հարգելի քպ-ականներ, ժողովուրդն իմաստուն է, և շատ ավելի հավասարակշռված քայլեր կիրականացի թե´ Արևմուտքի և թե´ Ռուսաստանի հանդեպ:
Բավ է, իշխանական տարբեր մակարդակներում թութակի նման կրկնեք, այսպես կոչված, ռուսաստանյան հիբրիդային հարձակումների մասին: Հիբրիդային հարձակումների Հայաստանը ենթարկվում է ամեն օր, թե´ Ռուսաստանից և թե´ ավելի ուժեղ Եվրամիության կողմից: Հայաստանի իշխանությունները պարտավոր են բոլորի դեմ պայքարել և ոչ թե երկիրն հասցնել այն վիճակին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀԱԵ գործերի մեջ Թուրքիան դերակատար դառնա:
Եվ սա արդեն միայն Հայաստանի քաղաքացիները գործը չէ, սա աշխարհասփյուռ հայության խնդիրն է, թույլ չտալու որևէ մեկին խառնվելու Ամենայն Հայոց Հայրապետի և մեր Սուրբ եկեղեցու գործերի մեջ:
Արփինե Գրիգորյան
Քաղաքագիտության դոկտոր
Գրացի համալսարան






Բաց մի թողեք
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար
Հենց դրա նմաններն են կազմում «մեծարգո վարչապետի» սոցիալական հենարանը․ Լուսանկար
Ցինիզմը հենց այսպիսինը պետք է լինի` Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՔՊ խնջույքին