Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իր համակարգի գործերը թողած, դեռեւս հուլիսի վերջին հայտարարել էր, որ Բագրատ սրբազանի դեմ քաղաքացիական հայցով մտնելու է դատարան:
Իրավաբանի մասնագիտությամբ Ավանեսյանը որոշել էր դատի տալ Սրբազանին՝ նրա քրեական գործով հրապարակված վիճահարույց ձայնագրություններից մեկի մեջ քաղաքացիներին ուղղված «խորը անասուն» արտահայտության համար։
Քաղաքացիների անունից վիրավորվածի հայցին որոշել էին միանալ նաեւ ուրիշ ՔՊ-ականներ։
Ինքը` Առողջապահության նախարարը, հայցի նախաձեռնողն էր: «Եվ այսպես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն՝ նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ:
Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել. սիրով ընդունում եմ առաջարկը: Ճիշտ է, մենք ներողամիտ եւ մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է:
Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի եւ հանրօգուտ գործի: Հայցին միանալու եւ գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել էր Ավանեսյանը։
Միասնական հայց ներկայացնելու հայտարարությունից 1,5 ամիս է անցել, սակայն Ավանեսյանն իր հայցն այդպես էլ չի ներկայացրել։ Մենք Բագրատ սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանից հետաքրքրվեցինք` որքանո՞վ է տեղյակ՝ խոստացված հայցը ներկայացվե՞լ է դատարան։
Փաստաբանը հաստատեց մեր տեղեկությունը` նման հայց դատարան չի մտել: Այսինքն՝ կարող ենք ասել, որ Ավանեսյանը հասկացել է, որ անհեռանկարային հայց է, ու չի՞ ներկայացրել։
Փաստաբանն ասաց․ «Իրավական առումով, դա կլինի անհատական թե միասնական, իրենց օգտին դրական ելք չէր կարող ակնկալվել, պարզ էր, որ ներկայացնելու էին ներկայացնելու համար։ Կոլեկտիվ կլիներ թե անհատական, ելք չկար այդտեղ, չնայած մեր երկրում ամեն բան հնարավոր է»։
Խմբակային հայց ներկայացնում են այն անձինք, որոնց իրավունքները կոնկրետ խախտվել են, այս պարագայում դժվար է հիմնավորել, թե Բագրատ սրբազանն ինչպես է վիրավորել, եւ երկրորդ` ինչպես է ստացվում, որ հենց իրենց է վիրավորել:
Ըստ Քաղաքացիական օրենսգրքի` պետք է կոնկրետ անձի իրավունքը խախտված լինի, որ նրա հայցը դատարանը վարույթ ընդունի։
Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ նախարարը պատրաստվո՞ւմ է հայց ներկայացնել, ինչո՞ւ է այսքան ձգձգվում։ «Հայցադիմում չենք ներկայացրել, մանրամասների համար գրավոր հարցում ուղարկեք»։
Ավանեսյանի կողմից միասնական հայց ներկայացնելու հայտարարությունը, ըստ ամենայնի, քաղաքական բնույթ էր կրում, նա դրանով ուզում էր Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնել», հատկապես որ սեպտեմբերի 20-ին ՔՊ համագումարն է, որի ժամանակ ՔՊ վարչություն է ընտրվելու, իսկ Ավանեսյանն առաջադրվել է վարչության անդամության թեկնածու եւ ուզում է Նիկոլ Փաշինյանին ավելի մոտ լինել։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել