Նիկոլ Փաշինյանի` «Ցանկապատ» ներկայացման ժամանակ դերասաններին ուղղված քննադատությունը այս օրերին շատ է քննարկվում:
Մենք գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանին մի քանի հարց տվեցինք թատրոնի, թատերական ներկայացումները գրաքննության ենթարկելու իշխանության փորձերի մասին:
Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես այժմ աշխատում եմ տրագիկոմեդիայի ժանրում եւ կարծում եմ, որ արվեստին հարկավոր չեն առօրեական, անցողիկ տարրերը: Պետք չէ զուտ արտահայտություններով հանդիսատեսի մոտ տպավորություն ստեղծել, իբր թե ընդդիմադիր ենք, այլ հակառակը` հանդիսատեսին պետք է օգնել, որպեսզի փոխվի մտածողությունը, թարմանա: Իմ նոր ստեղծագործությունը ֆանտաստիկայի ժանրից է: Մի մարդ ապրում է լրիվ այլ մոլորակում եւ Մարսի փոխարեն ընկնում է Թարս մոլորակ:
Երբ ասում եմ` թարս, շատերին թվում է, թե խոսքը Մարսի մասին է: Ներկայացման մեջ կա հատված Նոյան Տապանից, Արտավազդից: Հետո գալիս է Տրդատի, Լուսավորչի հատվածները, որոնք շատ ծիծաղելի են, միեւնույն ժամանակ լացելու, հետո արդեն գալիս է «Սասնա Ծռերը»: Այդ ամենը տեղի է ունենում ուրիշ մոլորակում, տեղի է ունենում դատավարություն, որտեղ մասնակցում են նրանք, ովքեր մեռել են Հայաստանում: Մեկը անեծք տվող պառավ է, մյուսը` անտաղանդ արտիստ է եւ այսպես շարունակ: Ես բացառել եմ քաղաքական ամեն բան, բացառել եմ անարժան մարդկանց մասին խոսելը: Խոսել եմ այն թեմաների մասին, որոնք խանգարում են մեզ ապրել մյուս սովորական ժողովուրդների պես»:
Ձեր նախորդ ներկայացումները բավականին քաղաքականացված էին, կոնկրետ անուններով քննադատում էիք. «Ի՞նչն էր քաղաքական, քաղաքականն այն է, որ հումորներ են անում քաղաքական գործիչների խոսքերի վրա, ինձ «Խաթաբալադա» ներկայացումից հետո մոտենում, հարցնում էին` Վանոյի՞ն նկատի ունես, ասում էի` եթե Վանոյին նկատի ունենայի, ապա կզանգեի Վանոյին, կասեի` Վանո, ես քեզ նկատում եմ: Մարդիկ միշտ նման բաներ են փնտրում: Ես կարծում եմ, որ իմ նոր «Ֆարս մաժոր» ներկայացումը ավելի շատ ասելիք ունի»:
Հարցրեցինք` իսկ երբեւէ գրաքննության ենթարկե՞լ են իրեն անցյալում. «Այն ժամանակ Սերժ Սարգսյանը երկու անգամ եկել է «Մեա Կուլպա» ներկայացումը նայելու: «Խաթաբալադա» ներկայացումը եւս շատերն են նայել եւ չի եղել նման դեպք, որ սահմանափակեն իմ խոսքը: Ինձ միշտ հարցնում են` այս մի հերոսը Վանո՞ն է, Լեւո՞նն է, Ռոբե՞րտն է, ես չեմ սիրում նման բաներ…. Իրականում հանդիսատեսը չգիտի, թե որքան թանկ է նստում ներկայացումը մեզ վրա: Մի ներկայացումը արժենում է մի ամբողջ կյանք, դահլիճ լցնելուց սկսած, մինչեւ դահլիճի համար կռիվ տալ եւ այլն: Այնպես որ ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է խառնվել ներկայացման բովանդակությանը»:







Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել