01/01/2026

«Երբ ծնողների կենացն էինք խմում, ինքը պատմում էր՝ ողորմածիկ մերս…». Մորը սպանած ու 4 օր հետո դաշտում թաղած տղամարդը ձերբակալվել է սարերում

11 տարի առաջ հարազատ մորը խեղդամահ արած ու 4 օր անց դաշտերում թաղած 59-ամյա Ռ. Ք.-ն 2025 թվականի հուլիսի 21-ին ձերբակալվել է սարերում: Ոստիկանությունում Ռ.Ք.-ն ընդունել է մեղքը, խոստովանել սպանություն կատարելու հանգամանքները:

Որ 2014-ին հաշմանդամության վիճակում գտնվող մորը խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով, կնոջ՝ Ն. Ս.-ի  ներկայությամբ, բարձով խեղդելու եղանակով սպանել է մորը եւ 4 օր անց թաղել գյուղին հարակից բաց դաշտում։ Մեր տեղեկություններով՝ սպանություն կատարելու համար երկու ամսով կալանավորված տղամարդը սպանությունը կատարել է առաջին կնոջ ներկայությամբ, հետագայում նա ամուսնացել է  երկրորդ անգամ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հենց առաջին կինն էլ 11 տարի անց դեպքի բացահայտողն է: «Ցանկացած մարդ իրեն նայեր, կհաստատեր, որ էդ ինքը չի եղել: Բայց ընդունել է, որ ինքն է կատարել: Նույնիսկ օղի չէր խմում, մեկ-մեկ ծնողների համար, որ խմում էինք հաց ուտելուց, ինքը հազարից մեկ մի  բաժակ գարեջուր էր խմում, հիշում էր՝  ողորմածիկ մերս սենց, նենց:

Այնպիսի տպավորություն է, որ մի այլ կարգի ծնողասեր մարդ է: Հիմա,  որ համեմատում եմ իր պահվածքը էս բացահայտումների հետ,  հասկանալի է դառնում, որ փոշմանել է: Ես իրեն նույնիսկ հարցնում էի՝ բա չե՞ս խմում, ինչի՞ չես խմում, ինքն ասում էր, որ առաջ ահավոր խմող է եղել, բայց արդեն 10-12 տարի է չի խմում: Փաստորեն, որ համեմատում ես, երեւի էդ դեպքից հետո էլ չի խմել»,- Aravot.am-ին պատմեց կալանավորված Ռ. Ք.-ի գործատուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ