31/12/2025

Թրամփն ու Պուտինը միևնույն խաղն են խաղում

Կրեմլի գաղափարա-քարոզչական խորհրդատու Ալեքսանդր Դուգինը, հանդես գալով «Ուկրաինական ճգնաժամի գլոբալ հետևանքները» խորհրդաժողովում, խնդել է, որ Եվրամիությունը «Ռուսաստանի դեմ 2030-ական թվականներին լայնածավալ պատերազմ կսկսի»:

Նրա կարծիքով, հավանականությունը կախված է «ուկրաինական ճգնաժամի ելքից», քանի որ խոսքը վերաբերում է «միաբևեռ աշխարհի դեմ պայքարին և բազմաբևեռ համակարգի ձեւավորմանը, որի ուրվագծերը մնում են անորոշ, ուստի Ռուսաստանի հաղթանակը նրա ինքնիշխանությունը հաստատելու և անշրջելի դարձնելու միակ միջոցն է»:

Դեկտեմբերի 18-ին ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը հանդիպել է Մոսկվայում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդների հետ և հայտարարել, որ ուկրաինական պատերազմում նպատակը «Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի լիակատար ազատագրումն է»:

Ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն, ըստ այդմ, Կրեմլի համար «հետաքրքրությունը կորցրել է», ինչը նույն օրն արձանագրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Նա հանդես է եկել արտահերթ տեսաուղերձով և ուկրաինական ժողովրդին ներկայացրել, որ Ռուսաստանը «2026 թվականին պատերազմը շարունակելու հստակ ազդակներ է հղել»:

Այս իրավիճակում, երբ ուկրաինական կարգավորման «եվրա-ամերիկյան համաձայնեցված ծրագիրը» Վլադիմիր Պուտինի կողմից փաստացի մերժվում է, Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «Տիեզերքում ԱՄՆ գերիշխանությունը ապահովելու մասին» հրամանագիր է ստորագրել:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» հակիրճ ներկայացրել է այդ փաստաթղթի բովանդակությունը: Ըստ այդմ, ԱՄՆ-ը 2028թ.-ին «կվերականգնի Լուսնի վրա ներկայությունը և մշտական հենակայան կհաստատի մինչև 2030 թվականը»:

ԱՄՆ նախագահի հրամանագրով 50 միլիարդ հավելյալ միջոցներ են հատկացվում «տիեզերական համակարգի արդիականացմանը»: Որպես գլխավոր առաջնահերթություն սահմանվում է Լուսնի վրա միջուկային ռեակտորի տեղադրումը: Թրամփը ռազմաարդյունաբերական ոլորտի առջև խնդիր է դնում «մինչև 2028 թվականը փորձարկել նոր սերնդի հրթիռների նախատիպեր»:

Թրամփի այս հրամանագիրը հիշեցնում է ԱՄՆ հանրապետական նախկին նախագահ Ռեյգանի «աստեղային պատերազմի ծրագիրը», երբ Վաշինգտոնը Խորհրդային Միությանը պարտադրեց մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ:

Ի դեպ, նույն շրջանում Միացյալ Նահանգները ԽՍՀՄ-ին նաև «նավթային պատերազմ է հայտարարել», ինչի հետևանքով էներգակիրների գներն աղետալի չափերով նվազել են: Սպառազինությունների մրցավազքը, նավթի գնանկումը և Աֆղանստանում պատերազմը Խորհրդային Միությունը հասցրել են փլուզման եզրին:

Տիեզերքում ԱՄՆ գերիշխանության հաստատման մասին Թրամփի հրամանագիրը, ինչպես հասկացվում է փաստաթղթի անգամ հրապարակային մասից, Ռուսաստանի համար սպառազինությունների մրցավազքի մարտահրավեր է:

Ռուսաստանը չի կարող բազմաբևեռ աշխարհի ուժային կենտրոն լինել, եթե տիեզերքում զիջի Միացյալ Նահանգներին: Իսկ դրան հնարավոր է ձգտել ֆինանսական ահռելի միջոցների հաշվին: Ուկրաինական պատերազմի մեկ տարին Ռուսաստանին արժեցել է 100 միլիարդ դոլար:

Եկող տարվա ԱՄՆ ռազմական հրապարակված բյուջեն կազմում է 901 միլիարդ դոլար:

Ֆինանսական միջոցների նման հարաբերակցությամբ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ սպառազինությունների մրցավազքում ապրիորի տանուլ է տալիս՝ չխոսած տեխնոլոգիաների մասին:

Եվ եթե անգամ ԱՄՆ-ը «հրաժարվում է Եվրոպայի անվտանգության երաշխավորի պարտավորությունից», ապա դրանից ուղղակիորեն չի հետևում, որ Ռուսաստանը կվերադառնա 1815թ. աշխարհաքաղաքական իրավիճակին և «կլինի Եվրոպայի ժանդարմը»: