28/12/2025

Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար

Ասված խոսք կա` գռեհիկ մարդն է գռեհիկ խոսում: Կենտրոնացած եմ մի կարեւոր հարցի վրա՝ ինչո՞ւ պետական պաշտոններ զբաղեցնող ոմն անձինք չգիտեն` ինչ բառապաշարով շփվել մարդկանց հետ։

Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար, պատասխանատու ոլորտի ղեկավար եւ նմանօրինակ այլ պաշտոններում:

Հաճախ առիթ եմ ունենում լսելու հարցազրույցներ կամ կարդալու տարբեր թեմաներով հրապարակումներ։ Գոհունակություն են պատճառում քաղաքական վերլուծաբանների խելամիտ, հիմնավորված դիտարկումները, հոգեւոր ծառայության ներկայացուցիչների դատողություններն ու անաղարտ, գրագետ բառապաշարը, որը զարդարում է նրանց իմաստալից միտքը, այն ազատ շարադրանքը, որ զերծ է խրթին բառակույտերից կամ ոչ հարիր բառամթերքի գործածությունից։

Պետք է իմանալ, որ միայն հակիրճ, պարզ ու անպաճույճ խոսքով է գեղեցիկ լեզուն՝ մարդկանց քաղաքակիրթ հաղորդակցության միջոցը:

Եթե հայերենի բառապաշարում հայհոյախառն գռեհկաբանությունը տեղ չունի, որի գործածությամբ տվյալ անձը ցանկանում է ոչնչացնել դիմացինին, ապա ինչո՞ւ լեզվական այդ աղտոտաբանության կրողները, ընդհանրապես, տեղ պիտի ունենան հասարակության մեջ: Անձինք, որոնց գռեհիկ խոսքը, ի վերջո, վերաճում է գռեհիկ վարքագծի՝ հաճախ խաթարելով հանրության անդորրը։

Պաշտոնի տեր լինել՝ չի նշանակում լեզվին ազատություն տալ, պաշտոն զբաղեցնելը թիկնապահների «զորքի» ներկայությունը չէ նրա կողքին եւ ոչ էլ` նրանց սպասարկող թանկարժեք մեքենաների մրցակցությունը։

Պաշտոն ունենալը մարդկանց վերեւից ներքեւ նայելը չէ, ոչ էլ` բարեւ առնել-տալուց խուսափելը, պաշտոնը պիտի պաշտոնավորին պարտավորեցնի` ինչպիսի վարքագիծ ունենալ, ինչ կարգուկանոնի ենթարկվել, ինչ բառապաշար օգտագործել, ինչպես դառնալ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐԴ՝ իր իսկ պաշտոնով հանդերձ։

Նման անձանց հասարակությունը միանգամից նկատում է, վստահում, հարգում եւ մեծարում: Հիշենք շատ պարզ մի բանաձեւ՝ հերոսություն չէ ժողովրդին պառակտելը, հերոսությունը ժողովրդին հավաքական ուժ դարձնելն է նրան հերոսության մղելը՝ հանուն երկրի ու քաղաքացիների բարօրության: Սա պետք է սերտի յուրաքանչյուր պաշտոնյա, ում համար թանկ են իր ազգի անցյալը, ներկան ու ապագան:

Նատաշա Պողոսյան