Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան հարցման, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։
Ավելի վաղ գրել էինք, որ արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։
«Sputnik Արմենիա»-ն հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցնում ամբարտակի շինարարությունը, այդ թվում` նախագծային փաստաթղթերը, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1972 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանը պետք է պարզապես տեղեկացնի այդ մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ՀՀ–ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։
«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», – հավելել են ԱԳՆ-ից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին ոչ թե «ծանուցման», այլ հենց «համաձայնեցման» մասին:
Մասնավորապես ամիսներ առաջ հայտնել էին, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։
Համաձայնեցնելու մասին նմանօրինակ պատասխան էր եղել նաև անցյալ տարվա ամռանը։






Բաց մի թողեք
Իսրայելը կդադարի լինել տարածաշրջանի առաջատար երկիր, երբ Էրդողանը գործի ․․․
ՔՊ-ականներից ու ռուս ազնվական օրիորդներից
ԵԺԿ-ից Վեբերը բաց է թողնում Եվրախորհրդարանում ծայրահեղ աջերի հետ ավելի շատ քվեարկությունների հնարավորությունը. Լուսանկար