Իրանը ծրագրում է դեկտեմբերի 28-ին միանգամից երեք արբանյակ դուրս բերել տիեզերք: Այդ մասին նախօրեին հայտարարել է Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:
Սպահանում նա այցելել է «կանաչ տեխնոլոգիաների» ցուցահանդես և խոսել երկրի գիտական ձեռքբերումների մասին: Իրանական արբանյակները տիեզերք դուրս կբերի ռուսաստանյան «Սոյուզ» հրթիռը:
Արաղչին հավաստիացրել է, որ արբանյակները «կծառայեն բացառապես խաղաղ-գիտական նպատակների»:
Իրանը սեփական տիեզերական ծրագիր իրականացնում է 1975 թ.-ից: Առաջին քայլերն իրականացվել են ԱՄՆ օժանդակությամբ և գիտա-տեխնոլոգիական աջակցությամբ: Իսլամական հեղափոխությունից հետո այդ համագործակցությունը խզվել է:
Այդուհետև իրանցի ուսանողները համապատասխան վերապատրաստում անցել են ԽՍՀՄ-ում, Չինաստանում և Եվրոպայում: Բաց աղբյուրների տեղեկություններով, Իրանը տիեզերք արբանյակ է դուրս բերել 2005թ.-ին՝ Ռուսաստանի օգնությամբ:
Քսան տարի անց, ինչպես հավաստիացրել է արտաքին գործերի նախարարը, Իրանը դարձյալ Ռուսաստանի օգնությամբ, միանգամից երեք արբանյակ է դուրս բերում տիեզերք՝ «Զաֆար-3», «Փայա» և «Քաուսար-2»:
Ընդ որում, ընտրվել է չափազանց խորհրդանշական օր՝ դեկտեմբերի 28-, երբ, ինչպես իսրայելական աղբյուրներն են անոնսավորել, վարչապետ Բենիամին Նաթանյահուն ուղևորվում է Միացյալ Նահանգներ: Ըստ տեղեկությունների, հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նրան կընդունի իր մասնավոր դաստակերտում:
Փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ Նաթանյահուն Թրամփին ներկայանում է երեք ծրագրով, որոնցից մեկը վերաբերում է Իրանին: Իսրայելի վարչապետը համոզված է, որ Իսլամական հանրապետությունը շարունակում է էքզիստենցիալ սպառնալիք ներկայացնել, ուստի առաջարկում է կրկնել հրթիռային հարվածները և ռմբակոծությունները:
Իսրայելական աղբյուրները տարածել են անիմացիոն տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Թրամփը և Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պատկերված են ամերիկյան B 2 ծանր ռմբարկուի օդաչուական խցիկում, իսկ «թռիչքի ֆոնին լեռնային ռելիեֆ է»:
Տեսանյութի հեղինակը ՑԱՀԱԼ-ն է:
Իրանի տիեզերական ծրագիրն, ամենայն հավանականությամբ, միայն արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ է «բացառապես խաղաղ-գիտական»: Անցյալ ամռան փորձը ցույց է տվել, որ երկրի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգը չափազանց խոցելի է: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Իրանը Ռուսաստանից C 400 զենիթա-հրթիռային համակարգեր է ձեռք բերել:
Արհեստական արբանյակներն, ըստ երևույթին, պետք է ծառայեն հակաօդային և հակահրթիռային պաշտպանությանը: Ամեն դեպքում ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի վճռորոշ հանդիպումից առաջ միանգամից երեք արբանյակ դուրս բերելով տիեզերք՝ Իրանը հասկացնում է, որ միջուկային և հրթիռային ծրագրի հարցում ոչ մի նահանջ չի լինելու:






Բաց մի թողեք
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
ԵԺԿ-ից Վեբերը բաց է թողնում Եվրախորհրդարանում ծայրահեղ աջերի հետ ավելի շատ քվեարկությունների հնարավորությունը. Լուսանկար
Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումներից հետո