28/12/2025

Անգամ «խռովարար» սրբազանները՝ ԱԱԾ-ականներն ու ոստիկանական մեծաթիվ ուժերը անզոր գտնվեցին

Ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում արտասովոր իրավիճակ է ստեղծվել. երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ամիսներ շարունակ համառորեն պահանջում է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը:

Ավելին՝ փորձեր է ձեռնարկում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱՍԵ) պառակտելու եւ Վեհափառ Հայրապետին ամեն կերպ՝ թեկուզ ուժով, եկեղեցուց հեռացնելու համար: Պատճառն այն է, որ Գարեգին Երկրորդը, Փաշինյանի համոզմամբ, խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի: Մինչդեռ, համաձայն ՀԱՍԵ Կանոնագրքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ըստ նրա, չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս եւ, հետեւապես, չէր կարող ընտրվել Կաթողիկոս:

«Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»,- հայտարարում է նա՝ կտրուկ դնելով մի պահանջ, որի իրավունքը չունի ո՛չ սահմանադրորեն, ո՛չ բարոյապես: Մանավանդ՝ առանց որեւէ ապացույցի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր «ուսապարկերով» միասին՝ Կաթողիկոսին գահընկեց անելու առաջին անհաջող փորձը կատարել էր իշխանության գալուց անմիջապես հետո՝ փողոցից բերած «Նոր Հայաստան»՝ «Նոր Հայրապետ» շարժման շրջանակում:

Այն ժամանակ կուսակրոնության ուխտի հետ կապված խնդիր չկար, բայց ակտիվիստների թվում կային մի քանի «օբիժնիկ» հոգեւորականներ, որոնք բորբոքված պնդում էին, թե Գարեգին Երկրորդը կոռումպացված է, բիզնեսներ ունի եւ այլն: Դարձյալ՝ անապացույց:

Հակաեկեղեցական արշավի ներկա փուլը, որն այս տարվա հունիսից սկսած՝ տարբեր դրսեւորումներով շարունակվում է ցայսօր՝ ներառյալ դեկտեմբերի 18-ի անցքերը, կրկին հիասթափեցրեց իշխանությանը:

Անգամ ՔՊ-ի կողմն անցած «խռովարար» սրբազանների ծրագիրը՝ գումարած ԱԱԾ-ականներն ու ոստիկանական մեծաթիվ ուժերը, որոնց միջոցով Փաշինյանը հույս ուներ «հասնել» կաթողիկոսին, անզոր գտնվեցին:

Եկեղեցու չորս բոլորը խմբերով հավաքված՝ ՀԱՍԵ բազմահազար հետեւորդներն ու հավատավոր զավակները պատրաստ էին կրծքով պաշտպանել եւ պաշտպանեցին Մայր Աթոռը եւ Վեհափառ Հորը: Ի դեպ, ըստ վերջին սոցհարցումների, Եկեղեցու դեմ իշխանության պայքարին կողմ է արտահայտվել հարցվածների ընդամենը 0,8 տոկոսը:

Սա, ըստ էության, Փաշինյանի հանրային վստահության ցուցիչն է եւ լուրջ ահազանգ: Բայց նա դրանից հետեւություն չի անում: Եվ եթե նրա վարկանիշն այսօր անհուսորեն ընկած է, ու եկող խորհրդարանական ընտրությունների համատեքստում ստիպված է աջակցություն մուրալ եվրոպաներից՝ առաջին մեղավորն ինքն է:

Դե իսկ երկրորդը, մեղքս ինչ թաքցնեմ, մենք ենք՝ Նիկոլ ընտրած մոլորյալ քաղաքացիներս, որ աննախադեպ բարձր թվաքանակ է կազմում: Ափսո՛ս, ժողովուրդն ուշ հասկացավ, որ սույն անձը, ում սիրույն «քայլ արինք՝ մերժինք Սերժին», հատուկ առաքյալ է, մեր ազգին մարդկային, նյութական, մշակութային անվերականգնելի կորուստներ բերած մի թյուրիմացություն, որի նմանը Հայոց աշխարհը չէր տեսել առնվազն վերջին հարյուրամյակում:

Հիմա այս անձը փոխանակ ապաշխարելու, իր կատարած չարագործությունների համար ներողություն խնդրելու ժողովրդից եւ հրաժարական տալու, ի՛նքն է պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, ով ո՛չ Արցախ է հանձնել թշնամուն, ո՛չ հինգ հազար լույս հայորդիներ է տարել մահվան եւ ո՛չ էլ նորանկախ մեր պետության ճակատագիրն է մատնել աշխարհաքաղաքական անորոշության հողմերին:

Քանի անգամ պատահել է, որ ի պատասխան տարբեր առիթներով հանրության ընդվզումների՝ խոստացել էր կանգնել «գնդակահարության պատի» տակ, եթե ժողովուրդն այդպես ցանկանա: Արցախի 44-օրյա պատերազմից հետո վարչապետի հրաժարականի պահանջի ամենաքիչը երեք հիմնավոր դեպք եղել է, բայց՝ ոչ մի արձագանք:

Վերջին պահանջը, որը դրվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման հիմքում, հնչեցվեց 2024թ. մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակի շուրջ 100 հազարանոց հանրահավաքում, բայց ժողովուրդը Փաշինյանին «գնդակահարության պատի» տակ այդպես էլ չտեսավ:

Փոխարենը այդ հավաքներից մեկում նրա հրահանգով չթույլատրվող «Զարյա-3» լուսաձայնային նռնակ կիրառվեց ցուցարարների դեմ: Իսկ ավելի վաղ ձախողվել էր Փաշինյանի պաշտոնանկության եւս երկու փորձ՝ 2021թ. փետրվարին, երբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ ոտքի ելավ ԳՇ-ի ողջ սպայակազմը, եւ 2022թ. ապրիլյան Դիմադրության շարժումը՝ ««Զարթի՛ր, լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» եւ այլ կարգախոսներով:

Ասում էր՝ հենց ժողովուրդը ցանկանա, պատրաստ է կյանքը նվիրաբերել հայրենիքին՝ անմռունչ կանգնելով «գնդակահարության պատի» տակ: Դարձյալ իր ստերի շարքից էր:

«Հայացք Երեւանից»