25/01/2026

Ո՞րն է երաշխիքը, որ Անքորիջի Թրամփ-Պուտին «բանաձևը» միայն Դոնբասի կամ առհասարակ Ուկրաինայի մասին է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիրտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ հունվարի 22-ի երեկոյան Վլադիմիր Պուտինը Աբու-Դաբիում բանակցությունների մեկնող պատվիրակությանը համապատասխան հանձնարարական է տվել:

Նա հասկանալ է տվել, որ, ինչպես ավելի վաղ Պուտինի օգնական Ուշակովն է բացահայտել, Ռուսաստանը բանակցությունների հաջողությունը պայմանավորում է «տարածքային հարցում Անքորիջի բանաձևի կիրառմամբ»: Պեսոկովը, սակայն, հրաժարվել է պարզաբանել, թե ինչ է ենթադրում այն՝ հիմնավորելով, որ «նպատակահարմար չէ»:

Reuters-ը, վկայակոչելով կրեմլյան անանուն աղբյուրի, Աբու-Դաբիում մեկնարկած եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական, բանակցությունների մասին տեղեկատվության համատեքստում գրել է, որ Անքորիջում անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները «պայմանավորվել են, որ ուկրաինական զորքերը դուրս են բերվում Դոնեցկի մարզի ամբողջ տարածքից, ինչի դիմաց պատերազմը զորքերի շփման փաստացի գծով սառեցվում է»:

Ըստ երևույթին, այս տեղեկությունը լիովին կամ առնվազն սկզբունքային առումով իրականությանը համապատասխանում է: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողներին ասել է, որ Դոնեցկից ուկրաինական զորքերի դուրսբերումը «կարգավորման համար չափազանց մեծ կարևորություն ունի»:

Նախօրեին Դավոսում տեղի է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների մեկժամյա տեւողությամբ հանդիպում: Դատելով այդ մասին տեղեկատվությունից, Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն «հորդորել է» ընդունել Պուտինի առաջարկությունը և հասնել հրադադարի հաստատման:

Ո՞վ, ի՞նչ կազմով և ինչպե՞ս է հսկելու ռուս-ուկրաինական հրադադարը, այդ հարցերը կարող են կարգավորվել: Սկզբունքային է այլ հարց, եթե Ուկրաինան ընդունի Ռուսաստանի վերջնագիրը, ապա ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու:

Եռակողմ բանակցությունները Միացյալ Նահանգների նախաձեռնությունն է: Հասկանալի է, որ Դոնալդ Թրամփը զգուշանում է միջազգային պատասխանատվությունից և Ուկրաինայի մասին Ռուսաստանի հետ սեպարատ գործարք կնքելուց:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին «կապիտուլյացիոն պայմանագիր» ստորագրել չի կարող, տարածքային զիջումները ենթակա են հանրաքվեով հաստատման, իսկ դրա համար ժամանակ է պետք: Զելենսկին հրաժարվել է միանալ «Խաղաղության խորհրդին»՝ հիմնավորելով, որ Պուտինի հետ նույն կառույցում հնարավոր չէ աշխատել:

Ստեղծվում է փակուղային իրավիճակ, երբ հնարավոր է գետնի վրա հասնել որևէ համաձայնության, բայց չունենալ այն իրավաբանորեն ամրագրելու մեխանիզմ: Թրամփը կդիմի՞ «Խաղաղության խորհրդի» օգնությանը: Իսկ մասնակից երկրները կընդառաջե՞ն:

Ո՞րն է երաշխիքը, որ Անքորիջի Թրամփ-Պուտին «բանաձևը» միայն Դոնբասի կամ առհասարակ Ուկրաինայի մասին է: