Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում ճգնաժամ էին ապրում:
Ամեն ինչ սկսվեց հատկապես ադրբեջանական քաղաքացիական ինքաթիռի՝ ՌԴ-ի տարածքում կործանվելուց հետո, երբ Ալիևը բաց տեքստով մեղադրեց Ռուսաստանին՝ ինքնաթիռի կործանման մեջ:
Լարվածությունն էլ ավելի բարձրացավ, երբ Ռուսաստանում պարզեցին, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Ռուսաստանի տարածքում Ուկրաինային տեղեկատվություն են փոխանցել, նաև ուղիղ մասնակցություն ունեցել որոշ հակառուսական գործողությունների:
Սակայն, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին Պուտին- Ալիև հանդիպումը, կարծես թե հալեցրել է սառույցը: Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որպես օրգանիզմ, որպես համակարգ այդքան էլ միատարր չեն, որքան կարող էր թվալ այդ հարաբերությունների ջերմ կամ լարված փուլերում:
«Երբ դիտարկում ենք Պուտին-Ալիև հանդիպումը, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք գործ չունենք միատարր կամ մեկ տրամաբանությամբ միաշերտ հարաբերության հետ: Կասկած չկա, որ եթե Դուշանբեում եղավ հանդիպումը, որը կարծես թե տարվա կտրվածքով առաջին հանդիպումն էր նրանց միջև, հատկապես օդանավի աղետից հետո, դա եղել է համաձայնեցման արդյունք:
Դա էլ նշանակում է, որ ունեցել է որոշակի համաձյանեցված բովանդակություն: Թե ինչպիսին է եղել այդ բովանդակությունը, հնարավոր է դիտարկել ամենատարբեր ասպեկտներ, բայց շատ հատկանշական էր, որ այդ հանդիպման բացման մասը գործնականում ամբողջությամբ նվիրված էր օդանավին և շատ ուշագրավ նյուանսներ իսկապես կային: Օրինակ, երբ Պուտինը հայտնում է, որ իրեն հանդիպումից մեկ-երկու օր առաջ են տեղեկացրել այդ օդանավի աղետի մանրամասների մասին»,-ասաց Բադալյանը։
Քաղաքագետը կարծում է, որ այս հայտարարությունը մի կողմից տարակուսելի է, որովհետև աղետը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, դրա հետ կապված Պուտին-Ալիև հեռախոսազրույցներ էին եղել: Իսկ դա նշանակում է, որ Պուտինը տեղեկացել է ինչ-որ նոր մանրամասների մասին և ոչ թե ընդհանրապես աղետի մանրամասների մասին:
Իսկ Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնում Պուտինին մանրամասն ինֆորմացիայի համար, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Պուտինն ինչ-որ նոր հանգամանք է հայտնել Ալիևին:
«Կարծում եմ, սա փոխել է ինչ-որ իրավիճակ և ինչ-որ միջավայր և մենք այդ փոփոխությունը տեսանք թե հանդիպման տեսքով, թե Պուտինի և Ալիևի գրկախառնվելու տեսքով, այնինչ Շանհայում հպանցիկ ձեռքսեղմում էր»,- նկատեց Բադալյանը։ Օդանավի աղետը, ամենայն հավանականությամբ փորձում էին օգտագործել Ադրբեջանին Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի մղելու համար: Եվ բավականին նկատելի էին բրիտանացիների հետաքրքրությունները՝ ասում է քաղաքագետը:
«Բրիտանացիների հետաքրքրությունները բաց էին դրսևորվում, սա ոչ թե կոնսպիրոլոգիական տրամաբանությամբ եմ ասում, այլ Բրիտանիան էր հայտարարում, որ պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել՝ աղետի քննությունը իրականացնող արդբեջանական և ղազախական քնչական կառույցների հետ աշխատելու համար։ Սա նշանակում է, որ ակնհայտորեն արտահայտվում է քննությունը աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու պատրաստակամություն և քայլ:
Սա հասկանալի է, քանի որ Բրիտանիան Ռուսաստանի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցներից մեկն է և Ադրբեջանն էլ, իհարկե, Բրիտանիայի բավականին մեծ ազդեցության տակ է հասկանալի պատճառներով:
Ավելին, բրիտանացիները հենց նույնիսկ կարծիք էին հայտնում և հորդորում էին Ադրբեջանին դարձյալ հրապարակային հայտարարություններով՝ միջազգային դատարան դիմել այդ օդանավի աղետի կապակցությամբ:
Եվ այստեղ է, որ ինձ հետաքրքրեց հենց այդ հանգամանքը` որ Ալիևը Պուտնից շնորհակալություն է հայտնում օդանավի աղետից 9 ամիս անց մանրամասն ինֆորմացիա ներկայացնելու համար:
Արդյոք սա կարո՞ղ էր կապված լինել աշխարհաքաղաքական ինչ-որ ասպեկտների հետ:
Սա, իհարկե, հռետորական հարցադրում է, սակայն ես կարծում եմ, որ տեղիք տվող ենթադրություն է»։






Բաց մի թողեք
Հայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար. Դենի Քրյուգեր
Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել …
Օրենք ընդունեք վարչապետի կամքը օրենքի աստիճան բարձրացնելու մասին․ Լևոն Ջավախյան