Դեկտեմբերի 27-ին Սիրիայի Հոմս քաղաքի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ արաբական աղբյուրների, առնվազն ութ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:
Պատահարից ժամեր անց «Սարայա Անսար ալ-Սուննահ» սուննի ծայրահեղական խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ և ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Նույն շրջանում վերջին երկու շաբաթներին ԱՄՆ զորախումբը պատժիչ գործողություններ է իրականացրել «Իսլամական պետության» դեմ, տասնյակ գրոհայիններ են սպանվել, ոչնչացվել են մի քանի հենակայաններ և ռազմական նշանակության ենթակառուցվածքներ«
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Սարայա Անսար ալ-Սուննահ» ծայրահեղական խմբավորումը ստեղծվել է այս տարերսկզբին: Այն գլխավորում է Աբու Այշա ալ-Շամին, որ երկար տարիներ Էդլիբի շրջանում գործել է Սիրիայի անցումային կառավարության ներկայիս նախագահ ալ-Շարաայի հրամանատարության ներքո՝ հանդիսանալով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ազդեցիկ գործիչներից մեկը: Ըստ տեղեկությունների, ալ-Շամին Սիրիայի նախագահին քննադատել է «շիադավանների և ալևիների հանդեպ մեղմ վարվելու» մեջ և հեռացել նրանից:
Ալ-Շամին ներկայումս գլխավորում է մի քանի հարյուր ծայրահեղական մարտիկների: Դեկտեմբերի կեսերին Հոմսի մոտ հարձակման է ենթարկվել ամերիկյան զինվորական պարեկախումբը, սպանվել է երկու ամերիկացի զինվորական:
Հետաքննությունը պարզել է, որ հարձակվողը հանդիսացել է Սիրիայի անվտանգության կառավարական ուժերի զինծառայող: Իսրայելական հետախուզությունը պարզել է, որ «կառավարական անվտանգության ուժեր» անվան տակ Դամասկոսում և Հոմս ու Համա նահանգներում գործում է հինգ հազարանոց զորախումբ, որի բոլոր մարտիկները նախկինում հանդիսացել են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման մարտիկներ:
Հոմսի մզկիթում կազմակերպված պայթյունը վկայում է, որ նախկինում Բաշար Ասադի վարչակազմի դեմ զինված պայքար մղած խմբավորումները Սիրիայի ապագայի հարցում տարակարծիք են:
Թուրքիայի գործադրած ջանքերը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Ահմադ ալ-Շարաայի կառավարության լեգիտիմությունը, բախվում են սիրիական իրականությանը, երկիրը ոչ միայն տարածքով, այլև քաղաքական ինքնակազմակերպվածությամբ ամբողջական չէ:
Եվ խնդիրը ոչ թե քրդական և դրուզական «անջատողականությունը», այլ իշխանության եկած ուժի անձեռնհասությունն է: Սիրիայի նախագահը նախկինում հանդես է եկել ալ-Ջուլանի մարտական անունով:
Հասնելով իշխանության, նա հարկադրված է եվրոպական հագուստ կրել և հանդես գալ որպես «չափավոր բարեփոխիչ»: Բայց նրա հրամանատարության տակ Թուրքիայի բոլորանվեր աջակցությամբ ավելի քան մեկ տասնամյակ կռված տասնյակ հազարավոր սուննի ծայրահեղականները Սիրիան համարում են միայն իրենց հայրենիքը, քրդերը, դրուզները, ալիեւները նրանց համար թշնամի են:
Սա այն է, ինչ Թուրքիան փորձում է քողարկել: Իրականում Սիրիան կանգնած է նոր քաղաքացիական պատերազմի շեմին: Էրդողանի Սիրիան փլուզվում է: Ալ-Շարաային չի օգնում նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը:
Ըստ երևույթին, տեղի է ունենում ճիշտ հակառակը. որքան նախկին ծայրահեղական ալ-Շարաան մտերմանում է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, այնքան ծայրահեղականները նրա դեմ լարվում են: Հոմսի մզկիթում պայթյունը որոտացել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ԱՄՆ մեկնելու նախօրեին:






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին