12/01/2026

Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ. Փաշինյան

«Ես հավատում եմ, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց մոտ: Դա ունի շատ կոնկրետ պատճառ․ քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ»:

Այս մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենապատկառելի միջավայրերում տղամարդկանց մասնակցությամբ մեկ էլ խոսքում բառեր են արտահայտվում, որ դու հասկանում ես՝ քրեական ենթամշակույթն ինչ մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա: Տղայականությունը հանրային բարոյականության շատ կարևոր մաս է, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողություն է:

Եկեք տղավարի էս հարցը լուծենք. դա ի՞նչ է նշանակում: Դա ցանկացած մեկնաբանություն ունի, բայց հաստատ կապ չունի օրինականության հետ, իրավակարգի, սահմանադրականության հետ, որովհետև եթե դրա հետ կապ ունենար, կասեինք՝ արի «սահմանադրավարի» էս հարցը լուծենք: Ինչի՞ ենք ասում՝ եկեք տղավարի էս հարցը լուծենք»,- նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ քրեական ենթամշակույթի ազդեցությունը ֆունդամենտալ խնդիր է, դրա ազդեցությունը գալիս է դեռ դպրոցից, մանկապարտեզից ու տնից:

«Էդ բանի հետ չեմ հաշտվում, որ մեր իրականության մեջ նորածին երեխայի՝ պապիկին հայհոյելու կուլտուրան դեռ կա: Պակասում է, բայց դեռ կա: Փառք Աստծո, որ պակասում է: Բայց չեմ պատկերացնում՝ մայրիկն ասի՝ հլը մի հատ պապիկին հայհոյի՛ր»,- հումորով նշել է վարչապետը և կոչ արել տղամարդկանց խոսել այս մասին, քանի սա խնդիր է, որին պետք է առերեսվել:

«Իմիջիայլոց, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Կառավարությունը երեք լուծում ունի՝ առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- եզրափակել է վարչապետը: