Հունիս ամսվա ընթացքում Երևանում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որն անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա:
Հունիսին նախատեսվում են նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:
Այս մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
Անդրադառնալով ավտոբուսների առանձնացված գծերին՝ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է, որ Մոսկովյան փողոցի մի հատված արդեն իսկ կահավորվել է, արդյունքում՝ ավտոբուսը Խանջյան փողոցից Մոսկովյան փողոց ուղղությամբ կարող է Մոսկովյան փողոցը հատել և հասնել Աբովյան փողոց:
«Ինչ վերաբերում է կարմիր գծերին, տեղեկացնեմ, որ ծածկույթն ընդլայնվել է մի շարք հատվածներում, մասնավորապես, Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ ներկայումս լուսավորության ցանցի վերազինման հետ կապված աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում:
«Երթևեկության մասով փոփոխություններն ահռելի են և առնչվելու են գրեթե ամբողջ Փոքր Կենտրոնին»,- նշել է նա:
Վազգեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցի պողոտան, այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցի պողոտայում ուղիղ երթևեկությունը շարունակվի:
Նախատեսվում է նաև, որ ավտոբուսային գիծը Մաշտոցի պողոտայից մուտք կգործի Խորենացու փողոց, որից հետո՝ Իտալիայի և Բեյրութի փողոցներով՝ Արգիշտիի փողոց, և կամրջով մուտք կգործի Իսակովի պողոտա:
«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես, Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնին, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասել է նա՝ հավելելով, որ Արաբկիր վարչական շրջանում ևս Կոմիտասի պողոտայում մեկ ուղղությամբ նախատեսվում է ավտոբուսային գիծ ներդնել:






Բաց մի թողեք
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար