Աբրահամ Գասպարյանը Ազգային ժողովում նախատեսված «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած քննարկումներից առաջ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ խորհրդարանական լսումների կարևորությունը ոչ միայն առկա խնդիրները ներկայացնելն է, այլև մեխանիզմների ճշգրտումն ու նոր լուծումների որոնումը։
Նրա խոսքով՝ նման ձևաչափով քննարկումներ անցկացնելը, այն էլ նախատեսված ընտրություններից մոտ ինը ամիս առաջ, կարևոր է մի քանի ուղղությամբ։ Նախ՝ դրանք մեծ նշանակություն ունեն քարոզչական դաշտում, ապա՝ հնարավորություն են տալիս հստակեցնել իրավաքաղաքական մեխանիզմները։
Բացի այդ, տարբեր փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ներգրավումը կարող է օգնել քաղաքական ուժերին ստեղծել ընդհանուր օրակարգ և համագործակցել։
Գասպարյանի կարծիքով՝ այս լսումները կարող են լուրջ խթան դառնալ հակաիշխանական դաշտում գտնվող ուժերի համար, եթե նրանք կարողանան մի կողմ դնել անձնական ամբիցիաները, միավորել ռեսուրսները և ձևավորել դաշինք։
Լրագրողների հարցին՝ արդյոք նա նոր քաղաքական ուժ է ձևավորում, թե արդեն գոյություն ունեցող ուժի մաս է դառնալու, Գասպարյանը պատասխանեց, որ առայժմ չի բացահայտի բոլոր մանրամասները։
Նա նշեց, որ կուսակցություն չի ստեղծելու, սակայն առաջիկայում կստանձնի ավելի ակտիվ դեր։ Միաժամանակ նա ընդգծեց, որ չի պատրաստվում որևէ ձևով համագործակցել իշխանության կամ նրանց հետ, ովքեր աջակցել են իշխանության գալուն, իսկ մյուս ուժերի հետ համագործակցության հնարավորությունը բաց է մնում։






Բաց մի թողեք
Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է․ ինչ է պետք անել քարտ ձեռք բերելու համար
Ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն. Լուսանկար․ #ՄերՁևով
EuroNews. Բաքվի «Սպիտակ քաղաքը» ցույց է տալիս, թե ինչպես է մարդակենտրոն պլանավորումը վերաձևավորում քաղաքային կյանքը