13/01/2026

Ադրբեջանում խիստ զգուշանում են, որ Ռզա Փահլավին «կվերականգնի պարսկական ազգայնականությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին՝ նրան մեղադրելով Իրանի ներքին գործերին ուղղակի միջամտելու և երկրի ամբողջականությանը տրոհելու մտադրության մեջ:

Ֆիդանը բաց հայտարարել է, որ Իրանում բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը «մասնակցում է» իսրայելական «Մոսադը»: Նա Իրանում և նրա շուրջ անկայունությունը տարածաշրջանի համար «խիստ վտանգավոր» է գնահատել:

Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն Իրանի իշխանություններին կոչ է արել «հաղթահարել ներպարփակվածությունը» և հարևան արաբական երկրների հետ «երկխոսություն սկսել»:

Ֆիդանի այս հայտարարությունները խիստ ուշագրավ են երկու հիմնական առումով: Նույն օրն ամերիկյան մամուլը հայտնել է, որ հունվարի 11-ին թագաժառանգ Ռզա Փահլավին ԱՄՆ սենատոր Գրեմի և կոնգրեսական Քենեդիի հետ կմասնակցի Իրանում իրավիճակին և ճգնաժամի հաղթահարմանը նվիրված հեռուստաքննարկումների:

Փորձագիտական կարծիք կա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դեմ չէ, որ Իրանում սահմանադրական միապետություն հաստատվի, և Ռզա Փահլևին գլխավորի աշխարհիկ պետությունը»:

Երկրորդ կարեւոր իրադարձությունն այն է, որ հունվարի 10-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ հեռախոսազրույց է ունեցել: Նաթանյահուն Տոկաևին շնորհակալություն է հայտնել «Աբրահամյան համաձայնություններին» Ղազախստանի միանալու համար, այդ քայլն անվանել «խիզախ»:

Կողմերը քննարկել են հետագա շփումների, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելություններ ունենալու հետ կապված հարցեր: Իսրայելի վարչապետն անցյալ տարեվերջին այցելել է Միացյալ Նահանգներ, և Տոկաևին նրա հեռախոսազանգն, անկասկած, Թուրքիային հուշում է, որ իսրայելա-ղազախստանյան շփումների ջերմացումը Վաշինգտոնի կողմից ողջունվում է:

Ավելի վաղ իսրայելական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ արտաքին գործերի նախարար Սաարը «հունվարի 26-ին մեկնում է Ադրբեջան, որտեղ ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ բանակցություններից հետո կուղեւորվի Ղազախստան»:

Եթե մոտական օրերին Նաթանյահու-Ալիև կամ Սաար-Բայրամով հեռախոսազրույց չկայան, հարկ կլինի արձանագրել, որ Թուրքիան Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների «ճանապարհին արգելափակոց է դնում»:

Բացառված չէ, իհարկե, որ Իրանում իշխանությունը Ռզա Փայլավիին «վերադարձնելու ծրագիրը» նաև Բաքվի համար է անընդունելի:

Ադրբեջանում Փահլավի արքայատոհմի նկատմամբ ընդգծված հակակրանք կա: Բաքվում համարում են, որ նրանք «տապալել են Ղաջար թուրքական արքայատոհմը և ուզուրպացրել շահնշահի տիտղոսը»:

Խորքային առումով, սակայն, Ադրբեջանում խիստ զգուշանում են, որ Ռզա Փահլավին «կվերականգնի պարսկական ազգայնականությունը, որ Իրանի պատմության սկիզբ է ընդունում նախաիսլամական շրջանը՝ ներառյալ Կյուրոս Մեծի թագավորությունը»:

Պատմության և քաղաքակրթական ինքնության այդ ընկալումը հերքում է Իրանի «թուրքական պետականության» նարատիվը: Եթե Ռզա Փահլավիի «գահակալության ծրագիրն» իրականություն դառնա, և Իրանում վերականգնվի նախաիսլամական քաղաքակրթության և պետական ինքնության ավնադույթը, ապա լրջորեն կտուժի նաև այսօրվա Ադրբեջանը: