Հարևան Իրանում ծավալվող իրադարձությունները, չնայած երկու երկրների պետական-քաղաքական ու հանրային համակարգի արտաքուստ «արմատական տարբերությանը», պետք է Ադրբեջանում իշխող կլանի համար լուրջ ազդակ լինեն:
Այդ մասին գրել է ԱԺՃ «Ազադլիգ» պաշտոնաթերթը: Հեղինակի գնահատմամբ, Ադրբեջանի իշխանությունները նույնպես մարդկանց «խեղդում են նրանց իրական հնարավորություններին անհամաչափ հարկերով, զանազան տուրքերով»:
Երկու երկրներում «ոչ թե օրենքը, այլ բյուրոկրատիան և կոռուպցիան են լուծում կենսական նշանակության հարցերը»:
Ամենաէական դիտարկումը, որ կարճ հոդվածում արել է ընդդիմադիր լրատվամիջոցը, վերաբերում է նրան, որ թե Իրանում, թե Ադրբեջանում «քաղաքացին ազատ ինքնություն չունի, նրա «սուբյեկտությունը» որոշում է իշխող վարչախումբը»:
Եթե Իրանում քաղաքացին «հարկադրված է լինել կրոնական ինքնության կրող, ապա Ադրբեջանում նրան պարտադրում են անձի և իշխող վերնախավի պաշտամունք և այդպիսով խեղաթյուրում անկախության, պետականության կայացումը»:
Ակնարկն ակնհայտորեն վերաբերում է «համազգային առաջնորդ» պետականորեն ներմուծված կերպարին, որ մահվանից անմիջապես հետո վերագրվել է Հեյդար Ալիևին և շարունակում է մնալ իշխող վարչակազմի գաղափարախոսության հիմքը:
Իրանում այդ կերպարն ինստիտուցիոնալ է, պետության գլուխը հեգևոր առաջնորդն է: Ադրբեջանում Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը ոչ սահմանադրությամբ, ոչ որևէ օրենքով ամրագրված չէ, բայց պարտադիր է պետական բոլոր ինստիտուտների և հաստատությունների համար:
Բաքվի իշխանական մամուլի հրապարակումներում Իրանում ծավալվող իրադարձությունների շուրջ մեծ զգուշավորություն է դիտարկվում: Ավելի քան երեսունհինգ տարի սնուցված՝ «միասնական Ադրբեջանի» քարոզչությունը տեղը զիջել է խոր անհանգստությանը:
Գրեթե բոլոր փորձագետները գտնում են, որ «Ադրբեջանի համար Իրանի մասնատումը լուրջ սպառնալիք կլինի»: Փաստացի Իլհամ Ալիևը հրաժարվում է «Հարավային Ադրբեջանի եղբայրների և քույրերի իրավունքների պաշտպանությունից»:
Ըստ տեղեկությունների, հունվարի 10-ին Թավրիզի ցուցարարները բարձրացրել են «Ադրբեջանը թող միասնական, չկամեցողը կույր լինի» գրությամբ պաստառ: Բաքվից որևէ հրապարակային արձագանք չի հետևել:






Բաց մի թողեք
Ադրբեջանում խիստ զգուշանում են, որ Ռզա Փահլավին «կվերականգնի պարսկական ազգայնականությունը
«Բարքերի ոստիկանությունը» և տեղական անվտանգության «Բասիջ» ծառայությունը» կվերացվեն
Մոսկվան «դեմք փրկելու» ևս մեկ քայլ կանի եւ կդապարտի ԱՄՆ «ինտերվենցիան»