30/12/2025

Ալիևը փաստացի ոչ թե «անհարմարություն է ստեղծում» վարչապետ Նաթանյահուի համար, այլ մերժում է

Պաշտոնական Բաքուն հաստատում է Սոմալիի դաշնային հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականն իր լիակատար աջակցությունը:

Այդ մասին սոցիալական X հարթակում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, որի գնահատմամբ «միջազգային հանրությունը պետք է գործի պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերին կատարելապես համապատասխան»:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը խստորեն դատապարտել են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և արաբական քսանմեկ պետություններ:

Ադրբեջանը հանդիսանում է ԻՀԿ անդամ և ԱԳՆ սոցցանցային գրառմամբ արձանագրում է, որ կիսում է այդ կառույցի դիրքորոշումը:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը նախորդում է ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի վճռորոշ բանակցություններին: Պաշտոնական Բաքուն, ըստ էության, սկզբունքորեն հակադրվում է Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությանը և լիովին սատարում Թուրքիային:

Փորձագիտական իշխող կարծիքն այն է, որ Սոմալիլենդի անկախության ճանաչմամբ Իսրայելը փորձում է խոչընդոտել Սոմալիում Թուրքիայի ռազմական ներկայության ամրապնդմանը և ստեղծել հակակշիռ:

Բաքվում հասկանում են, որ Թրամփ- Նաթանյահու բանակցությունների ամենաառանցքային հարցը Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում Թուրքիայի և Իսրայելի միջև մրցակցությունն է:

Այդ հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հրեական պետության համար էքզիստենցիալ նշանակություն ունի: ԱԳՆ հայտարարությամբ Ալիևը փաստացի ոչ թե «անհարմարություն է ստեղծում» վարչապետ Նաթանյահուի համար, այլ մերժում է Իսրայելի պետական քաղաքականությունը, պարզ ասած՝ դավաճանում մի երկրի շահերի, որ ավելի քան երեք տասնամյակ հնարավոր բոլոր միջոցներով Ադրբեջանին աջակցել է:

Տպավորությունը, որ Երուսաղեմի և Անկարայի միջև լարվածությունը «խորքային չէ» և պայմանավորված է Էրդողան-Նաթանյահու «անձնական անհանդուրժողականությամբ», գործնականում չի հաստատվում:

Եվ եթե գալիք հերթական կամ արտահերթ ընտրություններում Նաթանյահուն վարչապետի պաշտոնը չպահպանի, ապա Իսրայելում իշխանության են գալու Գազայի, Սիրիայի, Սոմալիի, Լիբիայի և մյուս բոլոր հարցերում Թուրքիայի նկատմամբ ավելի արմատական դիրքորոշում ունեցող ուժեր:

Ալիևը դա հասկանում և հաշվի է առնում: Անորոշ է մի հանգամանք. իսկ եթե Դոնալդ Թրամփը Սոմալիլենդի անկախության իսրայելական ճանաչումը չմերժի՞: Մյուս կողմից էլ նա պետք է ընդունի, որ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը տարածվում է նաև Կիպրոսի վրա, որի մաս կազմող տարածքում Թուրքիան «անկախ պետություն է հիմնադրել» և որի հետ Ադրբեջանը բոլոր ասպարեզներում լայնորեն համագործակցում է:

Իսկ թե իսրայելա-ադրբեջանական հարաբերություններն ինչ ընթացք կունենան, ցույց կտան ժամանակը և հանգամանքները: Քաղաքականության մեջ «դավաճանությունը» հարաբերական է: