01/01/2026

Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը

Անցած կիրակի Թեհրանի շուկայում սկսված բողոքի ցույցերը տարածվել են Իրանի այլ քաղաքներում: Սոցիալական բողոքն աստիճանաբար վերածվում է քաղաքական անհնազանդության ցույցերի:

Ինչպես հայտնում են անկախ աղբյուրները, իշխանություններին հատկապես անհանգստացնում են ուսանողական զանգվածային բողոքները: Թեհրանում, Սպահանում և Մեշհեդում երիտասարդությունը «մահ բռնապետին» կոչ է հնչեցրել՝ նկատի ունենալով երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին:

Reuters-ը հայտնել է, որ իրանցի ցուցարարների զգալի մասը «դիմել է վերջին միապետի որդուն, որպեսզի նա վերադառնա և ստանձնի երկրի կառավարումը»: Խոսքը Միացյալ Նահանգներում բնակվող Ռզա Փեհլևի մասին է: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել «Իրանի ժողովրդի զարթոնքը»: Փեհլևին պաշտոնապես համարվում է «թագաժառանգ»: Նա իրանցիներին կոչ է արել «տապալել բռնապետությունը»:

Իրանում բողոքի զանգվածային ցույցերին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունն իր արձագանքը հրապարակել է պարսկերենով և բարձր գնահատել «ցուցարարների խիզախությունը, որ պայքարում են հանուն արժանապատիվ և ավելի լավ ապագայի»:

Իրավիճակի գնահատման ցուցիչ կարելի է համարել նախագահ Մասուդ Փեզեշքիանի գնահատականը: Նա կառավարությանը հանձնարարել է ցուցարարների հետ բանակցություններ սկսել և «լսել նրանց արդարացի բողոքները»:

Իրանի քաղաքական վերնախավում երկրի ապագայի վերաբերյալ մոտեցումների տարբերության մասին տեղեկություններ տարածվել են նախագահի պաշտոնում Փեզեշքիանի ընտրությունից հետո:

Վերջին իրադարձությունները, կարծես, վկայում են, որ Փեզեշքիանի գլխավորած կառավարությունը պահպանողականների կողմից ենթարկվում է ճնշումների:

Դեկտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետի հետ բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին զգուշացրել է, որ եթե Իրանը «գործարքին չհամաձայնի», ապա հնարավոր են նոր հրթիռային հարվածներ:

Թեհրանը հակադարձել է Իսրայելին «ավելի հուժկու և խորտակիչ հարվածներ հասցնելու» սպառնալիքներով: Բայց երկրի տնտեսությունը կարո՞ղ է կրել նոր պատերազմի ծանրությունը:

Իրանում բողոքի ցույցերն սկսվել և ընթանում են տարածաշրջանում նոր և ավելի լայնածավալ ապակայունացման շուրջ կանխատեսումների ֆոնին: Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը հղի է պատերազմի սպառնալիքով: Թեհրանը խստորեն դատապարտել է հրեական պետության որոշումը:

Նաթանյահուն նոր տարում կարող է «հատուկ գործողություն սկսել» Լիբանանում, որտեղ «Հըզբալա» խմբավորումը համարվում է «իրանական պրոքսի ահաբեկչական խմբավորում»: Պետք է հուսալ, որ Փեզեշքիանի կառավարությանը կհաջողվի հաղթահարել սոցիալական բողոքները և պահպանել Իրանի քաղաքական ամբողջությունը:

Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը, արդեն Իրանի ներքին խնդիրն է: Ակնհայտ է, որ Իրանը «փլուզումը» ոչ միայն ներքին սպառնալիք է, այլև կարող է ապակայունացնել Մերձավոր Արևելքը, Պարսից ծոցը և Հարավային Կովկասը: