ԱՄՆ-ում գործող «Իրանի իրավապաշտպաներ» կազմակերպությունը հունվարի 11-ին հայտնել է, որ Իսլամական հանրապետության ուժայինների կողմից ցուցարարների նկատմամբ «կիրառված բռնությունների, առաջին հերթին՝ մարտական հրազենից կրակոցների, հետևանքով զոհվել է նվազագույնը 400 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա»:
Reuters-ի թղթակցին հաջողվել է արբանյակին Starlink կապի միջոցով տեղեկություն ստանալ «Թեհրանի հիվանդանոցներից մեկի մի բժշկից»: Վերջինս հայտնել է, որ ունեն «հարյուրավոր վիրավորներ, մեծամասամբ՝ երիտասարդներ»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում ունեցող Tasnim գործակալության տեղեկություններով՝ «անցած երկու օրերին Սպահանում սպանվել է անվտանգության 30 աշխատակից, այդպիսով մարդկային ընդհանուր զոհերի թիվը հասել է 109-ի»:
Այլ աղբյուրներ խոսել են «հազարավոր սպանվածների» մասին: Տեղեկություններից ո՞րն է հավաստի կամ գոնե իրականությանը մոտ, չափազանց դժվար է պարզել: Իրանում համացանցն անջատված է, իշխանությունները սահմանափակել են բջջային և նույնիսկ անշարժ հեռախոսակապը:
Փաստ է, որ գրեթե երկու շաբաթ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները հանգեցրել են ուժային կառույցների հետ բախումների, որոնց հետևանքով «հարյուրավոր մարդիկ զոհվել և վիրավորվել են»:
Հունվարի 11-ին Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին կրկին դիմել է իրանցիներին և կոչ արել «չլքել փողոցները և հրապարակները»: Իսրայելական մամուլը փոխանցել է ԱՄՆ հանրապետական սենատոր Գրեմի սոցցանցային գրառումը, որով նա իրանցիներին հավաստիացրել է, որ «ամերիկյան օգնությունն արդեն ճանապարհին է»:
Այս ֆոնին ԱՄՆ հրեական կառույցները հայտարարել են, որ «Ամերիկայի ադրբեջանցիների դաշնություն» կազմակերպությունը «մերժել է Իրանի առաջնորդի պաշտոնում Ռեզա Փայլավիի թեկնածությունը» և հանդիպում խնդրել պատերազմի նախարար Հեգսեթից»: Այլ աղբյուրներից նման տեղեկություն դեռևս չի տարածվել:
Չափազանց ուշագրավ է, որ նույն օրը Բաքվում Ադրբեջանի նախկին վարչապետ և «Մայր հայրենիք» կուսակցության հիմնադիր Փանահ Հուսեյնովը «հրավիրել է ավագների խորհրդի նիստ, որի արդյունքներով ընդունվել է Իրանի ադրբեջանցիների իրավունքների ապահովման խնդրանքով Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին կոչ հղելու որոշում»:
Այդ մասին Փանահովը գրառում է կատարել Facebook-ի անձնական էջում:
Իրանում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր սա Բաքվից հնչած առաջին և առայժմ միակ քաղաքական տեսակետն է: Հուսեյնովը հայտնի է որպես Ադրբեջանի իշխանությունների գրպանային ընդդիմության ակնառու ներկայացուցիչ:
Ամենայն հավանականությամբ, Բաքվում Իրանի նոր առաջնորդի դերում Ռեզա Փահլավիի թեկնածությունն անցանկալի է: Իշխանական minval politika-ի մեկնաբանի գնահատմամբ՝ Իրանում քաղաքական հանգուցալուծման «ամենահարմար և ոչ ցավոտ տարբերակն այն է, որ հոգևոր առաջնորդ Խամենեին լիազորությունները վերապահի նախագահ Փեզեշքիանին և ցրի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այսպես կոչված «բարքերի ոստիկանությունը» և տեղական անվտանգության «Բասիջ» ծառայությունը»:






Բաց մի թողեք
Ադրբեջանում խիստ զգուշանում են, որ Ռզա Փահլավին «կվերականգնի պարսկական ազգայնականությունը
Ալիևը վախենում է Իրանում տեղի ունեցող հեղափոխությունից
Մոսկվան «դեմք փրկելու» ևս մեկ քայլ կանի եւ կդապարտի ԱՄՆ «ինտերվենցիան»