31/12/2025

Էն անբարոյական տերտերներն էլ գնում Նիկոլի աջն են պաչում․ Իսրայել Հակոբկոխյան

Մայր Աթոռում տեղի ունեցած դեպքերը շատերին են հուզել, 10 եպիսկոպոսների հայտարարությունը, գրոհն Էջմիածնի վրա եւ Վեհափառի հեռացման պահանջը թիվ մեկ քննարկման թեման են երկրում:

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, Հրապարակ թերթի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ հերթական գրոհին, ասում է.

– Բոլորը կարծիք հայտնող են, արդեն հոգնել եմ կարծիք լսելուց, գործ անել է պետք, ազգը պետք է զարթնի, էլ ուրիշ տարբերակ չի մնացել:

– Բայց ազգը արթուն է: Ամռանը Մայր Աթոռի բակը լեփլեցուն էր, սակայն պայքարելու եւ դիմադրություն ցույց տալու փոխարեն կաթողիկոսը գնաց հաշտության ճանապարհով` Աջապահյանին հոժարակամ բանտ ուղարկեցին, ապա այս իշխանությունը բանտարկեց Վեհափառի քրոջ որդուն, եղբորը, եղբորորդուն, Արշակ սրբազանին, եւ հիմա հերթը կամաց իրեն է հասնում:

– Գործողություն չեղավ, հիմա խոսում ու խոսում են, ի՞նչ: Հայ ազգին պետք է արթնացնել, արթնացնող չկա:

– Բայց արթնացնողներին բանտարկում են. Սամվել Կարապետյան, Բագրատ սրբազան…

– Դե որ Սամվելի նման 10-20 հազար տղա լիներ, հո Սամվելին չէի՞ն կարա բանտ գցեին: Ես սովորական ռամիկ տղա եմ, գլուխս լավ չի աշխատում, ուզում եմ ջոկեմ` Հայաստանում հա՞յն ա ավելի շատ, թե՞ թուրքը: Հասել ենք էն օրվան, որ անբարոյական տերտերները էթում Նիկոլի աջը պաչում են: Էդքանից հետո էլ ի՞նչ ասես: Հիմար վիճակում ենք հայտնվել:

– Այսինքն` Դուք ամեն ինչ ժողովրդի հետ եք կապում:

– Նիկոլն էլ ա ժողովրդի անունից խոսում, էն անբարոյականներն էլ են ժողովրդի անունից խոսում, բարոյականներն էլ են ժողովրդի անունից խոսում, դրա համար ես էդ «ժողովուրդ» բառն էլ եմ սկսել չընդունել:

– Գործողություն եք ակնկալում, իսկ Դուք՝ ինքներդ, ի՞նչ եք անում: Օրինակ` ինչո՞ւ Մայր Աթոռ չեք գնում եւ Եկեղեցուն աջակցություն չեք հայտնում:

– Ես Մայր Աթոռին էլ եմ աջակցում, ինչքան հայ կա, բոլորին աջակցում եմ: Մտքիցս մենակ քֆուր ա գալիս: Ուրիշ ոչ մի բան, էլ խոսալու բան չունեմ: Հիմար վիճակում ենք հայտնվել, չեմ կարողանում կողմնորոշվեմ, թե քանի հայ ա մնացել մեր երկրում: Եթե բոլորին բանտ ա լցնում, ուրեմն պիտի բանտից սկսենք: Ես էլ՝ հայերիս ծառան: