Թրամփը շատ բաց, ազնիվ և լավ հարաբերություններ ունի ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Սի Ծինփինի հետ: Եվ ես հավատում եմ, որ այդ անձնական հարաբերությունները կպահպանվեն:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կթողնեն Վենեսուելայի շուրջ իրադարձությունները ռուս-ամերիկյան և չին-ամերիկյան հարաբերությունների վրա, այսպես է պատասխանել Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն ՙԼիվինը:
Անդրադառնալով ՌԴ դրոշի ներքո լցանավի բռնագրավմանը, նա մեկնաբանել է, որ Վենեսուելայից նավթի արտահանման «սկզբունքները պետք է որոշի Միացյալ Նահանգները» և այդ շրջանակներից դուրս «ցանկացած գործարք անօրինական է»:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը մանրամասնել է, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքին և շարունակելու է վարել «Միացյալ Նահանգների ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն»:
Քերոլայն Լիվինը հավաստել է, որ բռնագրավված լցանավի անձնակազմը «ձերբակալված է և ԱՄՆ-ում կկանգնի դաշնային դատարանի առաջ»: Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնից պահանջել է հարգել ՌԴ քաղաքացի հանդիսացող նավաստիների «իրավունքները և նրանց մարդկային արժանապատվությունը»:
ԱՄՆ նախագահը մամուլի խոսնակի մակարդակով, փաստացի, մերժել է ձերբակալված ռուսաստանցի նավաստիների հետագա ճակատագրի հարցով Մոսկվայի հետ որևէ երկխոսություն:
Ավելին, «խաղաղություն՝ ուժի միջոցով» կարգախոսի հիշատակումը մի իրավիճակում, որ ուղղակի կախ չունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ակնհայտորեն հուշում է, որ վենեսուելական նավթի վաճառքից Ռուսաստանի հեռացումը նրա դիրքերը թուլացնելու նպատակ է հետապնդում և փաստացի «ուժային գործողություն է»:
Նույն օրը Reuters-ի youtube-ալիքը հարցազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հետ, ով նախապատրաստվում է Գրենլանդիայի հարցով Դանիայի վարչապետի հետ հանդիպման: Ռուբիոն շատ հստակ և միանշանակորեն սահմանել է, որ Գրենլանդիայի խնդիրը պայմանավորված է «Հյուսիսային նավագնացության ուղու նկատմամբ Ռուսաստանի մենաշնորհը հաղթահարելու անհրաժեշտությամբ»:
Այդ երթուղին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական «հաղթաթուղթն է», որ նա ծրագրել է օգտագործել Գլոբալ հարավի երկրների հետ առևտրա-տնտեսական «բացառիկ հաղորդակցություն հաստատելու նպատակով»:
ԱՄՆ նախագահն, այդպիսով, ցրում է ռուսաստանյան փորձագետների այն տպավորությունը, որ ամերիկյան ներկայությունը «կսահմանափակվի Երկիր մոլորակի արևմտյան կիսագնդով»:
Եթե Դոնալդ Թրամփին հաջողվի Գրենլանդիայի խնդրի լուծման հասնել և այնտեղ ռազմա-տնտեսական և կոմունիկացիոն ներկայություն հաստատել, ապա ուժի ինքնուրույն բևեռ դառնալու նպատակադրվածությունը, հանուն որի իրացման Ռուսաստանը ծանրագույն պատերազմ է մղում, կբախվի չափազանց լուրջ խոչընդոտների:
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին, ըստ էության, «բարեկամություն» է պարտադրում:






Բաց մի թողեք
Ադրբեջանում խիստ զգուշանում են, որ Ռզա Փահլավին «կվերականգնի պարսկական ազգայնականությունը
Ալիևը վախենում է Իրանում տեղի ունեցող հեղափոխությունից
«Բարքերի ոստիկանությունը» և տեղական անվտանգության «Բասիջ» ծառայությունը» կվերացվեն