31/12/2025

Ինչու է ուշանում Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, քննարկվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի թեկնածությունը

Ինչպես գրել էինք` Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկ արվելուց հետո, խոսակցություն շրջանառվեց, որ նրան կփոխարինի Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը գյումրեցի ՔՊ-ականների մոտ լուրջ մտահոգություններ է առաջացել։

«Հրապարակի» տեղեկություններով, քննարկվել են նաև Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի, Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կարեն Պետրոսյանի անունները։ Պետոսյանը, հիշեցնենք, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստ էր, ում Փաշինյանը նշանակեց ռեկտոր: Սակայն վերջին երկուսի թեկնածությունները ՔՊ վարչությունը մերժել է։

Իսկ Անանիկ Ոսկանյանի թեկնածությունն առաջարկել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով, ըստ որոշ խոսակցությունների, Անանիկ Ոսկանյանի հովանավորն է ՔՊ-ում։ Գյումրիում Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, ՔՊ կուսակցության անդամներն իրենց բողոքն են բարձրացրել, որից հետո Նիկոլ Փաշինյանը հետաձգել է Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության գործընթացը։

«Հրապարակի» տեղեկություններով, այս պահին քննարկվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի թեկնածությունը, որը, ըստ որոշ տեղեկությունների, հավանության է արժանացել ՔՊ վարչության կողմից։ Մենք գրել էինք, որ դեռ ամիսներ առաջ են Աբազյանին եւ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին մարզպետի պաշտոն առաջարկել, ինչը նրանք մերժել են:

Հիմա նոր իրավիճակ է ծագել եւ պաշտոնի առաջարկ մերժելը Փաշինյանի կողմից ընկալվում է որպես իր հանդեպ բացասական վերաբերմունք եւ կարող է «հետեւանքներ» ունենալ, ուստի վստահ չենք, որ ԱԱԾ նախկին տնօրենն այս անգամ առաջարկը կմերժի: