«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:
– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը: Ի՞նչ սպասել այս հանդիպումից: Կան տեսակետներ, որ այս հանդիպումով Թուրքիա-Հայաստան ստորագրվելիք պայմանագիրն են նախապատրաստելու: Ի՞նչ եք կարծում` այն ինչի՞ մասին է լինելու:
– Կլինի ինչ-որ մի դատարկ հայտարարություն, ինչպես հասկացա` Նիկոլ Փաշինյանի առջեւ իր շեֆերի կողմից այս պահին երկու խնդիր է դրված: Առաջինը Սահմանադրության հետ է կապված, որպեսզի փոփոխություններ տեղի ունենան, մյուսն անկլավների մասին է: Այդ մասին համարյա բաց տեքստով խոսվում է: Այս ամենը ես կապում եմ այդ խնդիրների հետ, ինչպես նաեւ՝ այստեղ կա երրորդ խնդիր` Փաշինյանը պետք է ապահովի իր վերարտադրումը: Թե՛ Թուրքիան եւ թե՛ Ադրբեջանը պետք է նրան այդ հարցում աջակցեն: Այդ երեք խնդիրների համատեքստում պետք է դրսեւորվի ակտիվություն: Խնդիր է դրված՝ ցույց տալու, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կա առաջընթաց: Ալիեւը տարբեր հայտարարություններ է անում այս մասով, նույնիսկ ասաց, որ եթե անգամ Հայաստանում իշխանություն փոխվի, պետք է շարունակվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության գիծը: Սա նշանակում է, որ Ադրբեջանն ամեն գնով պաշտպանելու է Փաշինյանին առաջիկա ընտրություններում: Ես այստեղ այլ խնդիր չեմ տեսնում: Ասեմ նաեւ մեկ այլ բան․ եթե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն Ալիեւի համար ունի սիմվոլիկ բնույթ, ապա տարածքային հարցերը, մասնավորապես` անկլավների հետ կապված մտադրությունները, շատ ավելի լուրջ են: Բոլոր դեպքերում խնդիրն այն է, որ հասել ենք մի կետի, որ Ալիեւը մեզ տանում է հանրաքվեի: Դա լինելու է Հայաստանի վերջնական ստորացումը: Սիմվոլիկան նույնպես կարեւոր արժեք ունի` թե՛ քաղաքական առումով, թե՛ հոգեբանական:
– Վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ղեկավարներն են հանդիպել: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չասվեց, սակայն նշվեց, որ տեղի է ունեցել հանդիպում կողմերի միջեւ:
– Ադրբեջանը ցույց է տալիս, որ պրոցես կա, որ ինչ-որ հարցեր են լուծվում, որպեսզի ամրապնդի Նիկոլ Փաշինյանի դիրքերը, սակայն սկսենք այնտեղից, որ այս ամենը չունի որեւէ նշանակություն, որեւէ պայմանագիր դեռեւս ստորագրված չէ: Խոսքն ընդամենը մի թղթի մասին է: Որպեսզի պատրանք չստեղծվի, պետք է օրինակները վերցնել Փաշինյանից եւ հասկանալ` ինչու, օրինակ, պետք է Ալիեւն այս հարցում ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին: Սեւով սպիտակի վրա այդ թիմը գրել էր` Արցախի ճանաչում, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Մինսկի խմբի կիրառում եւ այլն, սակայն այսօր արվում է խոստացածի ճիշտ հակառակը: Միակ հիմքն Ալմա-Աթայի հռչակագիրն է, որը ոչ մի կապ չունի այս գործընթացի հետ: Այն ցույց է տալիս, որ Ադրբեջանի պահանջներում չկա իրավական որեւէ հիմք, եւ Ադրբեջանն այս ընթացքում մեր Անկախության հռչակագիրը չի էլ հիշատակել, մինչեւ Փաշինյանի հիշատակումները:
– Իսկ հնարավո՞ր է Հայաստանն առաջիկայում Թուրքիայի հետ ինչ-որ պայմանագրեր ստորագրի կամ հարաբերություններ հաստատի:
– Չէ, չի կարող նման բան: Թուրքիային կարող ենք քննադատել տարբեր հարցերում, սակայն Թուրքիան իր խոսքի տերն է: Հստակ ասվել է, որ Հայաստանի հետ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իր հարցերը չի լուծել Ադրբեջանի հետ: Կարող են քայլեր արվել զուտ դեկլարատիվ ձեւով` Փաշինյանին պաշտպանելու համար, սակայն, որպես այդպիսին, ոչ մի լուրջ քայլ չի արվելու: Սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը վերջին գործողությունների արդյունքում աճել է: Այդ ամենը ցույց է տալիս մի բան, որ Փաշինյանի ուղերձները որոշակիորեն տեղ են հասել, եւ մի զանգված խայծը կուլ է տվել:
– Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս է հնարավոր կանխել, որպեսզի Փաշինյանի ցածր վարկանիշը չբարձրանա, եւ կեղծիքով ու ստով մարդկանց չմոլորեցնեն:
– Բավականին լուրջ աշխատանքներ կան տանելու: Հասարակությունը բավականին պասիվ է: Պետք է մարդկանց հստակ լուծումներ առաջարկել, ոչ թե շարունակ նույն բանը կրկնել եւ քննադատել Նիկոլ Փաշինյանին: Հարկավոր են կոնկրետ քայլեր: Կարծես, կան խոստումներ, սակայն ոչ ավելի:
– Օրինակ` Սամվել Կարապետյանին Փաշինյանի ռեժիմը կալանավորեց` մեկ անմեղ նախադասության համար:
– Այո, դա արվեց ի ցույց բոլորի, որպեսզի մարդկանց ցույց տան, որ այդպես հնարավոր է: Դա ցույց է տալիս մեկ բան, որ իշխանությունը առանց բացառությունների կարող է անել այն, ինչ ցանկանում է: Կարապետյանի, արքեպիսկոպոսների դատավարությունները ցուցադրական բնույթի են, ընդդիմադիր մարդուն վախեցնելու համար: Ուզում են ասել` ցանկացած մեկը, անկախ դիրքից, կարող է հայտնվել բանտում, եթե քննադատի մեզ, պայքարի մեր դեմ: ՀԷՑ-ի դեպքը նույնպես ցցուն օրինակ էր: Պետությունը չկատարեց արբիտրաժային դատարանի պահանջը: Այո, արբիտրաժային դատարանը ոստիկանություն չէ եւ չի կարող Փաշինյանին ձերբակալել, սակայն անպայման լինելու են որոշակի սանկցիաներ:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել