«Սոյուզ» հրթիռը տիեզերք է դուրս բերել իրանական երեք արբանյակ: Հաջորդ օրը Թեհրանում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Ըստ Իրանի մայրաքաղաքից ստացված տեղեկությունների, բողոքի ակցիաները կրում են սոցիալական բնույթ՝ կապված գնաճի, ազգային դրամի արժեզրկման, աշխատատեղերի կրճատման հետ:
Նույն օրը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումը: Մամուլի առայժմ միայն արձանագրային բնույթի հրապարակումներից ակնհայտորեն հետևում է, որ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը Իրանի և նրա միջուկային ու հրթիռային ծրագրի շուրջ իրավիճակն է եղել:
Միացյալ Նահանգների նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ Իրանը պետք է համաձայնի և գործարք կնքի, իսկ եթե շարունակի միջուկային ծրագիրը, ապա հարկ կլինի ուժ կիրառել:
Կարելի է ասել, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ այցի նպատակներից մեկին հասել է: Վաշինգտոնը վերահաստատել է, որ Իրանը «միջուկային ծրագիր իրականացնելու իրավունք չունի»:
Իսրայելը էքզիստենցիալ սպառնալիք է համարում նաև Իրանի հրթիռային զինանոցի վերականգնման և արդիակաանցման ծրագիրը, որ Թեհրանն իրականացնում է վերջին մի քանի ամիսներին: Թրամփ-Նաթանյահու բանակցությունների մասին տեղեկատվությունից չի հետևում, թե ԱՄՆ նախագահը դեմ է նաև Իրանի հրթիռային զինանոցին, բայց դա այլևս էական չէ:
Կարևոր է, որ ԱՄՆ նախագահը կրկնել է Իրանի հասցեին վերջնագիրը, «կամ ամերիկյան պայմաններով գործարք, կամ՝ նոր հարվածներ»:
Թեհրանում, երեւում է, հենց այդպես էլ գնահատել են ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունը: Իսլամական հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբը Թրամփ-Նաթանյահու բանակցություններից կարճ ժամանակ անց հանդես է եկել հայտարարությամբ և վստահեցրել, որ ոչ մի ուժի չի կարող խաթարել Իրանի և նրա քաղաքացիների անվտանգությունը:
Իրանի Զինված ուժերը հակառակորդին զգուշացրել են որևէ գործողության դեպքում շատ ավելի խորտակիչ պատասխան հասցնելու պատրաստակամության մասին:
Ավելի կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Շամխանին:
«Իրանի պաշտպանական և հրթիռային հնարավորությունները հսկողության ենթակա չեն և թույլտվություն չեն պահանջում: Ցանկացած ագրեսիա կարժանանա այն կազմակերպողների պատկերացումներից դուրս անհապաղ և կոշտ հակահարվածի»:
Կարելի է եզրակացնել, որ Իրանի դեմ նոր հարվածների, անգամ տևական պատերազմի հավանականությունը նոր տարում կմնա բարձր, բացառված չէ, որ Իսլամական հանրապետությունը ենթարկվի տնտեսական ավելի խիստ պատժամիջոցների, որպեսզի երկրի ներսում սոցիալական դժգոհությունը ավելի խորանա:
Գաղափարական Իրանը վերահաստատեց, որ Իսրայելը և ԱՄՆ-ը թշնամի են, բայց որքանո՞վ է դա ընկալվում իրանական հանրության կողմից:






Բաց մի թողեք
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի շնորհավորական խոսքը․ Նոր հույս և նպատակասլացություն՝ արդյունքի հասնելու համար
Ինչո՞ւ է Բրիժիտ Բարդոն հակասական կերպար Ֆրանսիայում․ Ֆրանսիական աջերը վերսկսել են վեճը
Տարվա սկիզբը պայթյունով. Գերմանիայի Նոր տարվա հրավառությունը և ավանդույթը վերածվում է տրավմայի. Լուսանկարներ