Վերջին օրերին Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում թափ առնող բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Իրանի անվտանգության մարմինները հայտնել են Սիստան – Բելուջիստան նահանգում «ահաբեկչական ընդհատակ բացահայտելու» մասին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվել են «տասնյակ ահաբեկիչներ»: Նրանք արդեն իսկ «խոստովանական ցուցմունք են տվել, որ օտարերկրյա կենտրոնի ցուցումով մի քանի ահաբեկչություններ են իրականացրել և պատրաստվում էին ավելի խոշորածավալ գործողություններ իրականացնել»:
Irna գործակալությունն իր կողմից հավելել է, որ Սիստան-Բելուջիստանը «Պակիստանին սահմանակից նահանգ է»:
Ըստ երևույթին, դա ակնարկ է, որ «ահաբեկչական խմբավորումը ցուցում է ստացել» Պակիստանի հատուկ ծառայություններից: Նախանցյալ տարի իրանա-պակիստանյան սահմանի այդ հատվածում կարճատեւ մարտական գործողություններ են ծավալվել:
Տեղաշրջանում իրավիճակը բարդ է, որովհետև բելուջներ ապրում են և Իրանում, և Պակիստանում, նրանք ձգտում են միավորվել և անկախ պետություն հռչակել: Չափազանց ուշագրավ է, որ տարեմուտի ուղերձում Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել որպես ամբողջ աշխարհի ադրբեջանցիների հենարան երկրի առաջնորդ:
Ուշագրավ է, որ իրանական Ադրբեջանի քաղաքներում սոցիալական բողոքի ցույցեր չեն անցկացվում: Հավանաբար, դեր է խաղում այն, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը էթնիկ ադրբեջանցի է, երկրի խորհրդարանում տեւական ժամանակ ներկայացրել է Թավիզի բնակչությանը:
Իրանում բողոքի ցույցերը համընել են Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ԱՄՆ այցին և նախագահ Թրամփի հետ բանակցություններին: Այդ ընթացքում Իրանի հասցեին հնչել են սպառնալի հայտարարություններ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «տաք գլուխներին» հորդորել է հեռու մնալ Իրանի շուրջ իրավիճակը ուժի կիրառմամբ լուծելու նպատակից: Նա, սակայն, ԱՄՆ նախագահին չի հիշատակել, քննադատական սալքներն ուղղել է Իսրայելի վարչապետի դեմ:
Ի տարբերություն Մոսկվայի, Թեհրանը ՄԱԿ-ի Կանոնդրությունը խախտելու, Իրանի քաղաքական և տարածքային ամբողջությունը խախտելու մեջ ուղղակիորեն մեղադրել է Միացյալ Նահանգներին:
Ընդ որում, Իսլամական հանրապետության արտգործնախարար Արաղչին այդ բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների պաշտոնակիցներին: Արաղչին չափազանց խորքային ընդհանրացում է արել, ԱՄՆ նախագահը ընդունել է, որ մասնակցել է Իրանի դեմ անցած ամռանը իրականացրած հրթիռակոծմանը և ռմբակոծություններին, ուստի նա «ագրեսիայի համար անմիջական իրավական պատասխանատվություն է կրում»:
Իրանում բողոքի ցույցերը շատ արագ սոցիալականից կարող են վերածվել քաղաքականի: Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության ուղեգիծը կրոնապետության և պահպանողական զինվորականության ընտրությունն է: Վարչակազմի փոփոխության դեպքում ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կկորցնի պահանջվածությունը:
Միացյալ Նահանգներն արդեն չի թաքցնում, որ այսպես, թե այնպես՝ Իրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից և գործարք կնքի: Եթե դա տեղի չունենա, Իրանին սպասում է նոր հարձակում: Իրանը կարող է բաժանել Թրամփին և Պուտինին:






Բաց մի թողեք
Եվրամիության խորհրդի նախագահությունն անցնում է Կիպրոսին
Իրանի նախագահը՝ երկրում սկսված ցանցային ապսամբության մասին, Թրամփի հակադարձումը․ Լուսանկարներ
Բուլղարիան՝ քաղաքացիների խառը արձագանքների ֆոնին, անցնում է եվրոյի. Լուսանկարներ