Այսօր, ինչպես հայտնի է, Էջմիածնում` Վեհարանում հրավիրվել էր Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որը պետք է քննարկեր Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, 9 սրբազանների ստորագրությամբ հրապարակված հանդուգն հայտարարությունը, նրանց հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ եւ առհասարակ` սրբազանների Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգից թույլ տրված շեղումները:
Առավոտից մի շարք լրատվամիջոցներ հավաքվել էին Մայր Աթոռի մուտքի մոտ` ժողովին ժամանող հոգեւորականների կամ Գերագույն խորհրդի անդամների հետ զրուցելու, լուսաբանելու: Մի քանի հոգեւորականներ են հարցազրույցներ տվել այս ընթացքում, որոնք ասել են, որ սպասում են Ժողովի ավարտին եւ թե ինչ կորոշի Գերագույն խորհուրդը:
Մենք տեղեկացանք, որ ժողովը չի կայացել, որովհետեւ քվորում չի ապահովվել: Ներկաները զրուցել են այս հարցերի շուրջ: Կարգազանց սրբազանները, ինչպես եւ սպասվում էր, բոյկոտել են Գերագույն հոգեւոր Խորհրդի ժողովը եւ հրավերը ստացել են, բայց չեն ներկայացել Էջմիածին, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:
Ինչպես հայտնի է, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի, որը Արարատյան թեմին ենթակա եկեղեցիներից է, իսկ Արարատյան թեմի առաջնորդը Նավասարդ Կճոյանն է, ինչը նշանակում է, որ խռովությունը վաղուց էր պլանավորված:
Միայն տարօրինակ է, որ կարգազանց սրբազանները, այդ թվում` Նավասարդ Կճոյանը` մասնակցելով նոյեմբերի 26-ի Եպիսկոպոսաց ժողովին, չեն արտահայտել իրենց դիրքորոշումը: Իսկ ժողովից հետո Ժողովի հայտարարություն է տարածվել, որտեղ կոշտ զգուշացում է արվել պատարագի կարգը խախտող քահանաներին եւ ըստ էության, այդ հայտարարության հետ համաձայն են եղել նաեւ այս 9 խռովարարները:
ՀԳ․ Քիչ առաջ Մայր Աթոռը հայտարություն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։






Բաց մի թողեք
Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է․ ինչ է պետք անել քարտ ձեռք բերելու համար
Ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն. Լուսանկար․ #ՄերՁևով
EuroNews. Բաքվի «Սպիտակ քաղաքը» ցույց է տալիս, թե ինչպես է մարդակենտրոն պլանավորումը վերաձևավորում քաղաքային կյանքը