01/01/2026

Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է. Լուսանկար

Դեկտեմբերի 31-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել է մոտ 9 կրակոցի հետք, դրսում էլ՝ կրակված պարկուճներ։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։