28/12/2025

Հայկական ուշացած ժխտողականությունը (նիհիլիզմ)

2018-ի շարժման խորհրդանիշը, որը միավորեց հազարավոր մարդկանց եւ հանգեցրեց իշխանության փոփոխության, «մերժումն» էր։ Սկզբնական փուլում մերժում էին Սերժ Սարգսյանին, սակայն հաջորդ փուլում «մերժումը» դարձավ աշխարհայացք:

Մերժվում էին ինստիտուտներ ու մարդիկ, «հին» արժեքները, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավոր է մերժել։ Երբ «մերժումը» վերածվում է աշխարհայացքի, որի վրա կառուցվում է պետական քաղաքականություն, այն դառնում է նիհիլիզմ՝ ժխտողականություն։

Նիցշեն նիհիլիզմի պատճառները բացատրում էր Աստծո եւ եղած բարոյական նորմերի հանդեպ հավատի կորստով, իսկ 19-րդ դարի ռուս սոցիալ-դեմոկրատ Պիսարեւը երիտասարդության գործողությունների ծրագիրը հետեւյալ կերպ էր պատկերացնում. «Ինչը հնարավոր է փշրել, պետք է փշրվի, ինչը կկարողանա դիմադրել՝ պահպանել է պետք, ինչը ջարդուփշուր կլինի՝ աղբ է։ Բոլոր դեպքերում հարվածիր աջ եւ ձախ կողմերից, դրանից վնաս չկա ու չի էլ կարող լինել»։

Հայկական ժխտողականությունը դատարկ տեղը չառաջացավ, դրա համար հիմնավոր նախադրյալներ կային, որ ամենալավը ձեւակերպել է Սերժ Սարգսյանը՝ «գաղջ մթնոլորտ»։ ՀՀ-ում մթնոլորտն իրոք գաղջ էր՝ արժեքների կոռոզիա, քաղաքական կյանքի կլոունադա, սոցիալական լիֆթերի բացակայություն, ինչը թույլ կտար հավակնոտ եւ ընդունակ մարդկանց՝ վեր բարձրանալ, իսկ անարժաններին՝ իջնել (լեգալ ինստիտուտներից դուրս՝ ավերիչ էներգիայի կուտակում), համատարած անսկզբունքայնություն, կոռուպցիա, երկակի չափանիշներ։ Սակայն ամենաբացասականն այն էր, որ այդ ամենը ներկայացվում էր որպես «նժդեհականություն», որի կողքին միշտ կանգնած էին հայ հոգեւորականները։

ԱԺ-ի ամենախորհրդանշական պատգամավորներ էին ընկալվում Շմայսը եւ գեներալ Մանվելը՝ խորհրդարանում ծվարած մի շարք քրեածին հեղինակությունների հետ: Դա ցույց էր տալիս, որ քաղաքական կյանքում կարեւոր դերակատարություն ստանձնելու համար կրթությունը, գիտելիքը, բարոյական նորմերը երկրորդական են։ Այս ցուցակը, որը կարելի է երկար թվարկել, արժեզրկում էր ամեն բան, բայց ամենաավերիչն այն էր, որ դա սկսեց գիտակցվել որպես հայ ազգին բնորոշ ապրելակերպ, ինչի հետեւանքով «մերժումն» ավելի խորքային դրսեւորումներ ստացավ։

Ստեղծված ճահիճն օրինական միջոցներով «չորացնելու» բոլոր միջոցները սպառված էին։ Նման պայմաններում կառուցողական ու կրեատիվ ընդդիմություն չէր կարող ձեւավորվել, եւ առաջին պլան պետք է գային մերժողները, որոնց «մերժումը» գնալով ավելի հասկանալի էր դառնում լայն հանրության համար: Պարզ էր, որ գլխավոր մերժողն էլ պետք է դառնար օրվա հերոսը:

Այդպիսի նախադրյալներ կային 19-րդ դարի Եվրոպայում եւ Ռուսաստանում։ «Մերժումը» դատարկ տեղը չի առաջանում, սակայն եվրոպական եւ ռուսական ժխտողականությունը՝ չկարողանալով գալ իշխանության՝ ջանքերն ուղղեց դեպի մշակույթ եւ մտավորական միջավայր։ Այդ քաղաքակրթություններում մերժողները մտավորականության միջավայրում մղվեցին լուսանցք, իսկ նիհիլիստների բացած հնարավորություններից օգտվեցին հետմոդեռնիստական ուտուպիստները, որոնք ունեին տնտեսական ու սոցիալական երազանքներ:

Հայկական ժխտողականությունը մշակույթի եւ մտավոր կյանքի վրա ազդեցություն չունեցավ, սակայն ծնեց քաղաքացիական ակտիվիզմ, քաղաքացիական հասարակության սաղմեր եւ, քաղաքական դաշտի արհեստական կառուցվածքը փշրելով, դարձավ իշխանություն՝ արդյունքում ավերելով քաղաքացիական դաշտի սաղմերը: Նիհիլիզմը կամ ժխտողականությունը տարբեր դրսեւորումներ է ունենում. օրինակ՝ իրավական նիհիլիզմ, բարոյական նիհիլիզմ, գիտելիքի հանդեպ նիհիլիզմ… Այստեղ ընդամենը նշվում են նիհիլիզմի այն դրսեւորումները, որոնք առավել ցայտուն կերպով են նկատվում այսօրվա «հեղափոխական» Հայաստանում։

Դատարանների շրջափակումը, այն էլ՝ գործող իշխանության կողմից, իրավական նիհիլիզմի գագաթնակետն էր, որը դժվար է երեւակայել։ Սահմանադրական դատարանի, դատավորների, իրավական նորմերի ու ավանդույթների «մերժումը» այն է, ինչի մասին չէին կարող երազել անգամ 19-րդ ու 20-րդ դարի ժխտողականները։ Դա հաղթանակած նիհիլիզմի խրախճանքն է։

Գիտելիքի հանդեպ սկսված ժխտողականությունը եւս աներեւակայելի չափերի է հասել։

Սույն հրապարակման վերջին՝ 3-րդ մասում կքննարկենք ժխտողականության մյուս դրսեւորումները՝ դիլետանտիզմը (սիրողականություն, թերիմացություն) եւ դեկադանսը (անկում, հետադիմություն)։

Ստեփան Դանիելյան