Օգոստոսի 1-ին՝ ժամը 06:16-ին սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյունի հետևանքով սեփական տուն է փլուզվել:
Պատահարի հետևանքով տան 12-ամյա երեխան՝ Լուսինե Խաչատրյանը, մահացել է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասաց՝ երեխան փլատակների տակ էր մնացել:
Հարևանները պատմեցին, որ դեպքի պահին՝ լուսաբացին, տան տատիկը՝ Փառանձեմն ու հարսն են արթուն եղել: Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել:
«Չէր երևա երեխեն, օգնելու հնար չկար, պատը փլվել էր վրեն: Փրկարարներն եկան, հարևաններն էլ, հանեցինք երեխուն, բայց մահացել էր: Մյուսները լուսամուտից դուրս էին եկել: Իրանց աշխատանքով ապրող մարդիկ էին»,- պատմեց հարևանը:
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ բուժօգնության են տեղափոխվել 31 և 56 տարեկան կանայք: Ընտանիքի հարսին ամբուլատոր բուժում է նշանակվել, տուն կգնա: Տիկին Փառանձեմը կմնա հիվանդանոցում:
«Տուժածն ունի 20 տոկոս այրվածքներ՝ դեմքի, վերին շնչուղիների և ձեռքերի հատվածում՝ 2-3-րդ աստիճանի»,- ասաց Խաչատրյանը:
Տունը ենթակա է հիմքից քանդման, քանի որ ամբողջովին վնասվել է: Վարչական ղեկավարի խոսքով՝ տարբերակներ են քննարկվում ընտանիքին նոր բնակարանով ապահովելու համար: Վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան:
Պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար