Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը 2025-ի տարեվերջին փոխվել է։
Տեղեկացանք, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցները` վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, դատարանը` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, փոխարինել է 20 միլիոն դրամ գրավով։
Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, թե փակ նիստ է եղել, չի կարող ասել` որքան գրավ է կիրառվել, եւ ինչու է փոխվել խափանման միջոցը։ Նախօրեին Աբրահամյանին տեսել են Ֆրանկֆուրտից Երեւան վերադառնալիս:
Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց: Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի:
Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել` Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։
Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից:






Բաց մի թողեք
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել
Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը