13/01/2026

Հրազդանում ներքաղաքային տրանսպորտով ուղեվարձը թանկանում է

Երկուշաբթի օրվանից Հրազդանում նախատեսվում է հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում․ 100 դրամի փոխարեն ուղևորները վճարելու են 150 դրամ։ Թանկացման մասին տեղեկությունը արդեն իսկ լայն քննարկումների և դժգոհությունների պատճառ է դարձել հրազդանցիների  շրջանում։

Քաղաքացիները նշում են, որ տրանսպորտի գնի բարձրացման բեռը առաջին հերթին զգալու է հասարակ քաղաքացին։

Մեզ ահազանգած հրազդանցիների խոսքով՝ դեռևս հստակ չէ, թե քանի փայատեր ունի ոլորտը, ովքեր են ներգրավված գործընթացում և ինչ գործարքների մասին է խոսքը․ այդ հարցերի պարզաբանումը, ըստ նրանց, առաջիկա օրերին համայնքապետարանի կողմից պետք է հանրայնացվի։

Հրազդանցիները  նաև պնդում են, որ եթե համայնքի ղեկավար, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի  ՔՊ-ական որդին՝ Սևակ Միքայելյանն իսկապես նպատակ ունի սոցիալական բեռը մեղմել, ապա հնարավոր է 50 դրամի տարբերությունը սուբսիդավորել համայնքի բյուջեից՝ չբարձրացնելով ուղևորափոխադրման սակագինը բնակչության համար։

Նշում են նաւ, որ Երևանի հետ համեմատություն անելն անարդար է, քանի որ սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի առնելով՝ Հրազդանի տրանսպորտի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ։

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ Հրազդանում ներհամայնքային երթուղու սպասարկման համար «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը ներգրավվել է 18 նոր տրանսպորտային միջոց՝ առավել հարմարավետ փոխադրումներ իրականացնելու նպատակով։