Մի տեղ կարդացի, որ կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, որը շարունակում է իրեն «տեր Արամ» անվանել, իր նախկին գործընկերոջ, կարելի է ասել՝ նախկին հավատակից եղբոր՝ տեր Սարգսի մասին ասել է՝ նա Ապարանում «խադավիկ» է աշխատել (իբր ընթացագործ լինելը վարկաբեկիչ է) եւ կաթողիկոսի բարեկամն է:
Իսկ դրանից առաջ հույս է հայտնել, որ հանրությունը կիմանա, թե հոգեւորականներից որ մեկը որտեղ է մազերը կտրում (հավանաբար, ԱԱԾ-ն վարսավիրանոցներում նույնպես «ժուչոկներ» է դնում): Ինչ խոսք, շատ կարեւոր տեղեկություններ են:
Այդ ամենն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ Ստեփանը նիկոլական է ոչ միայն «ի պաշտոնե», այսինքն՝ նվիրվելով իր «շեֆի» քաղաքական ծրագրերի իրականացմանը, այլեւ՝ ուղնուծուծով. բամբասկոտ, ճղճիմ «կոմպրոմատներով» ուղեկցվող մանր գզվռտոցը նրան հոգեհարազատ է:
Պարզապես այդ երիտասարդը կյանքի սխալ ճանապարհ է ընտրել՝ չպիտի հոգեւորական դառնար: Ավելի շուտ՝ դեղին մամուլի լրագրող, բլոգեր կամ, եթե բանսարկություններում հասնի որոշ վարպետության, ՔՊ պատգամավոր: Հոգեւոր ծառայությունը ես, ճիշտն ասած, այլ կերպ եմ պատկերացնում:
…Մաքրել եկեղեցի՞ն: Այո, համաձայն եմ: Բայց այսպիսի՞ գործելակերպով: Ձերբակալելո՞վ, կալանավորելո՞վ, գործեր կարելո՞վ, ձեռնասուն դատարաններո՞վ, լողասենյակներում «ժուչոկներ» տեղադրելո՞վ:
Վարչապետը, քաղաքական մեծամասնությունը, պետական ուժային լծակներ ունեցողներն ի բնե, իրենց բնույթից ելնելով, չեն կարող «մաքրել» կրոնական կազմակերպությունը, որը ե՛ւ Սահմանադրությամբ, օրենքներով, եւ ի՛ր բովանդակությամբ պետք է ինքնավար լինի:
…Ի՞նչ կլինի, եթե հաջորդ վարչապետին կամ նախագահին դարձյալ դուր չգա այս կամ հաջորդ կաթողիկոսը: Դարձյա՞լ պետք է մխրճվենք պղծության ճահճի մեջ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա