Գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել մասշտաբային հափշտակության վերաբերյալ մի գործ, որը 10 տարվա վաղեմություն ունի, քննվել ու «դատաքննվել» է 2016-2017 թվականներից սկսած եւ դատական հեռանկար չունի:
Հրապարակ թերթը գրել է․ Հանցագործը ոմն Հ. Գ.-ն է, որը, ըստ քննիչների, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական Միությունից 972 միլիոն դրամ է հափշտակել: Այդ ընթացքում Հ. Գ․-ն զբաղեցրել է ֆինանսների նախարարության` Եվրոպական Միության հետ աշխատանքների համակարգման բաժնի ղեկավարի պաշտոնը: Նրա գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է եղել:
Մեր տեղեկություններով, խոսքը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հրայր Գյոնջյանի մասին է: Ըստ դատախազության, նա 972 մլն դրամը հափշտակել է՝ հաղթող ճանաչվելով «ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով»: Նրան օգնել են ԵՄ հայաստանյան գրասենյակի աշխատակից Մոնիկա Պապյանը, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցները, այլ անձինք:
Բացահայտումը նոր չէ: Այս վարույթով դատախազությունն ընդամենը հաստատել է դեռեւս 2016 թվականին Գյոնջյանին առաջադրված մեղադրանքը: Քանի որ Գյոնջյանը դեռ այն թվերից հետախուզման մեջ է, դատարանին միջնորդել են նրա նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնել: Հիշեցնենք․ սա հայտնի գրանտակերների գործն է, որի շուրջ ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացել: Իրավապահ մարմիններին դիմել էր հենց գրանտատուն՝ Եվրոպական Միության գրասենյակը, որը ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ խոշոր գումար է յուրացվել: Այն ժամանակ, բացի Գյոնջյանից եւ Չիլինգարյանից, այլ մեղադրյալներ էլ կային: Մի խումբ անձանց կողմից փաստաթղթերի կեղծիք կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել 8 անձի՝ Տիգրան Սուքիասյանին, Գեւորգ Ղազարյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին, Արմեն Բարեղամյանին, Անահիտ Ավագյանին, Սերգեյ Բալասանյանին, Դինա Մանուկյանին, Կարեն Ստեփանյանին։
Հրայր Գյոնջյանը եւ Գարիկ Չիլինգարյանը, որը, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, առանցքային դեր է ունեցել այս գործում, լինելով հետախուզման մեջ, խուսափել էին քննությունից: Նրանք, ովքեր չէին խուսափել, ի վերջո շահեցին, քանի որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը երկար քննությունից ու վերաքննություններից հետո ի վերջո կարճվեց` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Գլխավոր մեղադրյալը հայաստանյան գրասենյակի ծրագրերի կոորդինատոր Մոնիկա (Մարինե) Պապյանն էր, որը մեծ համարում է ունեցել ԵՄ ղեկավարության մոտ եւ երկար ժամանակ որեւէ կասկած չի հարուցել, մեղադրվել էր խոշոր չափերով հափշտակության համար։ Նա երկար ժամանակ չէր ընդունում մեղադրանքը, մի քանի փաստաբան է փոխել:
Ի վերջո, դատարանը բավարարել է բոլոր մեղադրյալների պաշտպանների միջնորդությունները՝ կարճել մեղադրանքները վաղեմության հիմքով: ԵՄ գրասենյակի կրած վնասն այդպես էլ չի փոխհատուցվել: Հափշտակությունները կատարվել են հիմնականում գյուղատնտեսությանն աջակցելու համար հատկացված դրամաշնորհներից։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել