Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում մամուլի ասուլիս է ունեցել, որի ընթացքում խոսել է Եվրամիություն-Ռուսաստան երկխոսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Նա ակնարկել է, որ Եվրամիության «որոշ երկրներ Ռուսաստանի հետ բանակցում են, բայց համալիր երկխոսության անհրաժեշտություն կա»:
Ֆրանսիայի նախագահը հուլիսին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել: Դա Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հրթիռային հարձակման շրջանն էր: Կողմերը պայմանավորվել են միջուկային զենքի չտարածման և Մերձավոր Արևելքում կայունության հաստատման խնդիրներով երկխոսությունը շարունակել:
Ուկրաինական կարգավորման բանակցություններին Եվրամիության ներգրավվածությունը Մոսկվայում գնահատում են «ոչ արդյունավետ»: Պուտինը նախապատվությունը տալիս է Թրամփի հետ «գործարքին»: Սպիտակ տունը, չնայած Եվրամիության հանդեպ վերապահումներին, ուկրաինական կարգավորման նախաձեռնությունը դեկտեմբերի 15-ին Բեռլինում քննարկել է նաև եվրոպական առաջնորդների հետ:
Բրյուսելում Ֆրանսիայի նախագահի մամուլի ասուլիսի հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը հերթական «ուղիղ գիծն» է անցկացրել և հանդես եկել ծրագրային հայտարարություններով: Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ապա պետք է ընդունել, որ նա նորություն չի ասել:
Պուտինը կրկնել է, որ ուկրաինական կարգավորմանը ցանկալի կլիներ հասնել դիվանագիտական ճանապարհով, բայց եթե չհաջողի, ապա «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներին, ապա ըստ Ռուսաստանի նախագահի՝ դրանք «չեն աշխատում, երկրի ՀՆԱ-ն աճում է»: Պուտինը վստահեցրել է, որ եվրոպացիները «նախանձում են Չինաստանին, Ռուսաստանին և Հնդկաստանին»:
Նրա գնահատմամբ՝ Եվրամիությունը «տնտեսական առաջընթացի հեռանկար չունի», մինչդեռ Ռուսաստանը «ոչ միայն հարմարվել է պատժամիջոցներին, այլև անցել է տնտեսական իքնուրույնության և սոցիալական բարելավումների»:
Ռուսաստանի նախագահի վկայակոչումները և պնդումները, հավանաբար, վիճակագրական ստույգ տվյալներով չեն հաստատվում, բայց նա ոչ թե իր քաղաքականության համար ռուսաստանցիներին հաշվետվություն է տալիս, այլ առաջնորդվում է իր ձայնը միջազգային ասպարեզում լսելի դարձնելու առաջնահերթությամբ:
Այսինքն, հայտարարում է, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հարցում ինքը ոչ մեկի օգնության, աջակցության և միջնորդության կարիքը չունի:
Բարդ է, իհարկե, ասել, թե Ռուսաստանի նախագահի հայտարարություններում ինչպես են զուգակցվում արտաքին ու ներքին քարոզչությունը և իրական ռազմա-աշխարհաքաղաքական հաշվարկները:
Նույնը, անշուշտ, վերաբերելի է նաև Եվրամիությանը: Փաստ է, որ, չնայած փոխադարձ կոշտ հռետորաբանությանը, կողմերը գործնական առեւտրա-տնտեսական կապերը որոշակի առումներով պահպանում են:
Բայց կոնկրետ այս փուլում Եվրամիության հետ քաղաքական երկխոսության Ռուսաստանը պատրաստ չէ: Պուտինը գտնում է, որ միայն Ուկրաինայում լիակատար հաղթանակն է Ռուսաստանի ինքնիշխանության և Եվրամիության հետ իրավահավասար հարաբերությունների երաշխիքը:
Այս իմաստով նա, երևում է, Մակրոնի առաջարկությունը համարել է «թուլության նշան»: Գուցե Եվրամիությանը դա՞ է պետք:






Բաց մի թողեք
Թրամփը ԽՍՀՄ վերականգնման հիմքեր է ստեղծում Պուտինի համար․ Թերմացք
Իսրայելում մտավախություն ունեն Էրդողան – Թրամփ սիրախաղից, Հայաստանում՝ ոչ
Ալիևը փաստացի ոչ թե «անհարմարություն է ստեղծում» վարչապետ Նաթանյահուի համար, այլ մերժում է