31/12/2025

Տարոն Չախոյանը պարզապես սուտ է խոսում

ՔՊ-ականները կաշվից դուրս են գալիս՝ փրկելու Մայր Աթոռի դեմ հարձակման հերթական ձախողված փորձը, որն այս անգամ կազմակերպել էին՝ տիրադավ 10 եպիսկոպոսների թիկունքում թաքնվելով։

Հրապարակ թերթը գրել է․ Ընդդիմությանը «քլնգելու» պարտականություն ունեցող ՔՊ-ական «դաստան» հրահանգված գրառումներ էր անում: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրեց. «Պատկերացնո՞ւմ եք այսպիսի բան Վազգեն Առաջինի կամ Գարեգին Առաջինի ժամանակ: Իհարկե, ոչ: Որովհետեւ Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի»: Իսկ նրա տեղակալ Տարոն Չախոյանը գրեց, թե մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2 հազար 200 մարդ էր հավաքել, իսկ իշխանությունն իբրեւ թե ո՛չ կոչեր է արել, ո՛չ էլ Մայր Աթոռ գնացել։ «Կոչեր արել են 10 եպիսկոպոսները, հետեւաբար, մնացած համեմատություններն անհիմն են»,- գրել է նա՝ շրջանցելով հավաքին ներկա իրենց աջակիցների 1020 թիվը։ Ի դեպ, թվերն էլ հրապարակել է իրենց քարոզիչ Դանիել Իոաննիսյանը, ինչը նշանակում է, որ կասկածելիորեն նվազեցվել է Եկեղեցու աջակիցների եւ ավելացվել` իշխանության աջակիցների թիվը:

Բայց թվերը չեն կարեւոր, այլ՝ այն, որ Տարոն Չախոյանը պարզապես սուտ է ասում, թե իշխանությունը կոչեր չի արել։ Որովհետեւ իշխանության ներկայացուցիչները ոչ միայն կոչեր են արել, այլեւ Եկեղեցու դեմ գրոհի էին ելել սեփական դեմքերով։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական որոշ համայնքապետեր ու մարզպետներ, ուղղակի «լեզուն դուրս գցած», մարդ են հավաքել՝ Մայր Աթոռ «գործուղելու» համար։ Արագածոտնի, Արմավիրի, անգամ Գեղարքունիքի, Շիրակի համայնքային ու վարչական ղեկավարներին «գրոհի» օրը վաղ առավոտյան «համար մեկ» էր տրվել՝ մարդաորսություն անելու եւ ժամը 17:00-ին «ներկայանալի թվով» մարդ ուղարկելու համար։ Եվ բոլոր մարզպետները, համայնքապետերը, բանուգործը թողել, լծվել էին վերադասին ծառայություն մատուցելու անպատվաբեր գործին, դրա համար կիրառելով բոլոր հնարավոր լծակները` շանտաժից ու սպառնալիքներից մինչեւ խնդրանք:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հրահանգը ծանր է եղել հատկապես Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետի համար։ Վիրավորանքներից ու լուտանքներից նոր-նոր ազատված՝ հիմա էլ մեղքի տակ մտնել են պարտադրում։ Ըստ մեր աղբյուրի՝ Արգիշտի Մեխակյանն ամեն հնարավոր բան արել է՝ այդ մարդաորսությունը նեղ շրջանակում կազմակերպելու համար, որ շատ չխայտառակվի համայնքում, որտեղ իրեն, մեծ հաշվով, չեն ընդունում։ Դա էր պատճառը, որ ՀԱԵ-ի դեմ արշավին նրա քրիստոնեադավ թիմը ներկայացել էր իր տեղակալի, խորհրդականի, օգնականի եւ այլ մանր-մունր չինովնիկների դեմքով, իսկ ինքը չկար։

Նախկին Խոյ համայնքի ղեկավար, այժմ՝ Վաղարշապատի համայնքապետի տեղակալ Լյուդվիդ Յայլոյանին դժվարությամբ է հաջողվել «սոլիդ» թվով մարդկանց ներգրավել հակահայ արշավին։ Նրա նախկին պաշտոնը հարգել ու Էջմիածին են գնացել Դաշտ գյուղից ընդամենը մի քանի պնակալեզներ։ Մարդկանց հավաքագրումները դժվար է ստացվել նաեւ Արմավիր եւ Մեծամոր համայնքներում։

Մեր զրուցակիցը, որին եւս իր բարեկամ պաշտոնյան առաջարկել էր միանալ Եկեղեցու դեմ գրոհին, ասաց, որ հրաժարվել է։ «Վախեցա։ Ես Եկեղեցու դեմ դուրս չեմ գա։ Ամեն օրս աղոթքով եմ սկսում, ապրում եմ Աստծո ողորմությամբ, երեխաներ ու թոռներ ունեմ, ո՞նց դուրս գամ Աստծո ու Եկեղեցու դեմ։ Գրողի ծոցը գնան իրենք էլ, իրենց կեղծ բարեփոխումն էլ»,- ասաց նա: