31/12/2025

Փաշինյանը չի մարսել սեփական ուսապարկերի պահվածքը

Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ոչ մի կերպ չի մարսում նոյեմբերի սկզբներին խորհրդարանում սեփական ուսապարկերի ուշանալը նիստից, երբ ինքը նստած՝ նրանց էր սպասում 26-ի բյուջեի քննարկմանը, եւ այդ հարցը ՔՊ քասթինգի առանցքային հարցերից մեկն է դարձրել։

«Հրապարակ» թերթը գրում է․ Հիշենք, որ այդ օրերին ՔՊ-ական պատգամավորները 2 անգամ տհաճ անակնկալ մատուցեցին շեֆին` ուշացան նիստից, որի հետեւանքով քվորում չեղավ, նիստերը 20 րոպե ուշ սկսվեցին։ Նա դա որպես իր անձի հանդեպ անհարգալից վերաբերմունք է գնահատել եւ նախատում էր Ալեն Սիմոնյանին ու Հայկ Կոնջորյանին․ լրագրողական օթյակում անգամ լսվում էին նրա հանդիմանությունները։

Թվում էր, թե ոչ մի արտառոց բան չկար` ՔՊ-ական երեսփոխանները միշտ են անպարտաճանաչ եղել, բայց այս անգամ նյարդային լարված վիճակում գտնվող Փաշինյանը չի մարսել այդ պահվածքը եւ դրանում իր դեմ ուղղված դավադրություն է տեսել` ենթադրելով, որ դա արել են՝ ցույց տալու, թե ինքը չի տիրապետում իրավիճակին։

Մեզ պատմեցին, որ նա վերցրել է այդ օրերի բացակաների ցանկը եւ հիմա՝ նախընտրական ցուցակում թեկնածուների գրանցման գործընթացի` հարցաքննության ժամանակ նախ թեկնածուից ճշտում է, թե ինչու էր այդ օրը ԱԺ նիստից ուշացել, փորձում է հասկանալ, թե որքանով է հիմնավոր կամ անհիմն նրա պատասխանը:

Ուզում է համոզվել, որ դա եղել է ոչ թե իր դեմ արված հատուկ քայլ, այլ իսկապես անպարտաճանաչության դրսեւորում։