31/12/2025

Փաշինյանն իքս պահին այս կամ այն ուժին, որն իրեն վտանգ է ներկայացնելու դուրս է հանելու մրցակցությունից

Մեր զրուցակիցն է ՔՊ-ական նախկին պատգամավոր, ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։

– Տասը եպիսկոպոսների՝ Մայր Աթոռի դիմաց իրականացրած ակցիան, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում, եւ արդյո՞ք հաջողեցին, իշխանությունը վստահեցնում է, թե ակցիան իրենք չէին կազմակերպել, իրենք կապ չունեն, եթե ունենային, մի քանի անգամ շատ մարդ կհավաքվեր։

– Կասկած չկա, որ այդ հավաքը կազմակերպել էր իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց՝ նենգաբար, որպեսզի հաղթանակի դափնիները վերագրեր իրեն, պարտության խայտառակությունից էլ խուսափեր։ Բայց ակնհայտ էր, որ հավաքը կազմակերպել էր իշխանությունը, եւ Նիկոլ Փաշինյանը վերջնական պարտվեց․ ցանկացած այլ լուծում այլեւս նշանակություն չունի, ինքն ամիսներ` որքան պայքարել է, հիմա այդ պայքարն ավարտվեց պարտությամբ։

– Ո՞րն էր իրենց պլանը, որ ասում եք՝ չհաջողեցին։

– Մոռացել եք, որ Վաղարշապատի ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց, թե ընտրությունների արդյունքները նոր լիցք հաղորդեցին Եկեղեցու դեմ պայքարում, հիմա այդ նոր լիցքը, էն հոգեւոր հավաքի մասին հայտարարությունը եւ այլն, բերեցին այս ակցիային։ Իհարկե, ինքը պիտի ասի՝ ես ի՞նչ գործ ունեմ, հոգեւորականներն իրենք իրենց հարցերն են լուծում, բայց այդպես կլիներ, եթե տասը տիրադավները, առանց ժողովրդին կոչ անելու, որ եկեք գնանք Մայր Աթոռ, հորդորենք Վեհափառին, գնային սուսուփուս իրենց՝ կաթողիկոսի հրաժարականի հորդորի նամակը ներկայացնեին քարտուղարությանը, այս դեպքում արտառոց ոչինչ չէր լինի, բայց իրենք կոչ արեցին ժողովրդին, որ իրենք գան, ու նույն դեմքերն ու դեպքերն էին, որոնք հանդիպում էին բոլոր կեղծ պատարագներում։ Ի դեպ, ի պատիվ ոստիկանության, իրենք բարձր մակարդակի վրա գտնվեցին՝ մանր-մունր բաները չհաշված, բախումներ թույլ չտվեցին, բայց հավաքի նպատակը ճնշումն էր, դուք երեւի չեք պատկերացնում՝ ինչ է նշանակում ճնշում։ Երբ որ մեծ բազմություն հավաքվեր, կլիներ ճնշում, եւ գուցե լիներ վերջին կաթիլը, որ Վեհափառը հանձնվեր, հրաժարական տար։

– Ուզում եք ասել, որ իշխանությունը կհրաժարվի՞ Եկեղեցու դեմ պայքարից։

– Ամեն ինչ էլ հնարավոր է լինի, բայց, կրկնում եմ՝ դա նշանակություն չունի, որովհետեւ հայ ժողովուրդը, մի մասը՝ լռելյայն, մի մասը՝ Մայր Աթոռի դիմաց, հասկացրեց, որ մենք չենք գնում սրբապիղծների կոչով «լավ գործ» անելու համար, եւ դա շատ գեղեցիկ էր։ Իհարկե, հնարավոր է ընդհուպ ձերբակալեն կաթողիկոսին, բայց դա ոչինչ չի փոխելու։ Գարեգին վեհափառն իր բարձունքի վրա գտնվեց, նույնիսկ էդ տասը սրբապիղծների հետ հարաբերություններում ինքը գտնվեց իր բարձունքում, որովհետեւ այն, ինչ Փաշինյանը սպասում էր Վեհափառից, տեղի չունեցավ, իսկ Փաշինյանը սպասում էր, որ Գարեգին վեհափառն իմպուլսիվ արձագանք կտա իրողություններին ու տասը սողուններին կարգալույծ կանի, բայց դա տեղի չունեցավ շնորհիվ Գարեգին վեհափառի խորիմաստ, հավասարակշռված գործունեության, ինչն էլ առիթ չտվեց այդ սողուններին՝ կեցվածք ընդունել` դե որ այդպես է, մենք էլ սենց ենք անում։ Հիմա կա՛մ պետք է կալանավորի Վեհափառին, կա՛մ տասին վերցնի, մի եկեղեցի ստեղծի, որը կլինի ծիծաղելի։ Ես ամիսներ առաջ եմ ասել, որ իր նպատակը ոչ թե Եկեղեցին մաքրելն է, այլ Եկեղեցին պառակտելը, սարքել հայաստանյան առաքելական եկեղեցի, որը կլինի իր ցնորական գաղափարի՝ չորրորդ հանրապետության մասը։

– Պարոն Աղազարյան, նաեւ Ձեր վերջին աղմկահարույց հայտարարության մասին հարցնեմ` ասել էիք, որ Նիկոլ Փաշինյանը, իշխող քաղաքական ուժը եւ ընդդիմության մի մեծ հատված՝ Դաշնակցության գլխավորությամբ, գնում են հայոց պետականության վերացմանը, որովհետեւ Դաշնակցությունն ասում է, որ Արցախի հարցը չի փակվել։ Ի՞նչ եք առաջարկում Դուք՝ փակե՞լ Արցախի հարցը։

– Ես այդ հայտարարությունն արել եմ Իշխան Սաղաթելյանի՝ «Արցախի էջը փակված չէ» հայտարարության առիթով, ես, այո, կարծում եմ, որ սա շատ վտանգավոր հայտարարություն է, եւ բոլոր այն քաղաքական ուժերը, անհատները, որ նման հայտարարություն են անում, ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, այսինքն՝ նպաստում են Հայաստանի կործանմանը, որովհետեւ Փաշինյանի վերարտադրությունը կործանարար է լինելու մեր երկրի համար։

– Ուզում եք Նիկոլ Փաշինյանի նման այդ էջը փակեն ու մոռանա՞ն։

– Կակռազ, ինքը չի փակել` այդ հարցը բերեց օրակարգ Բեռլինում, երբ հայտարարեց, որ դիմում է Ալիեւին, որ այդ հարցը եւ Ադրբեջանից փախստականների վերադարձը Հայաստան հասցնեն զրոյի: Դա սխալ է․ Արցախի հարցով պետք է զբաղվեն ՀԿ-ները, արցախցիները, ինչպես նաեւ՝ Եկեղեցին, որի դեմ Նիկոլը տանում է անհաշտ պայքար։ Պետական այրերը, քաղաքական ուժերը, որ ակնկալում են մաս կազմել իշխանությանը, իրենց կողմից այդ հայտարարությունը վտանգավոր է, ինչը բերելու է Փաշինյանի վերարտադրությանը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, որովհետեւ Նիկոլը շատ սահուն մանիպուլացնում է այդ հարցը՝ Ղարաբաղն էլ, ղարաբաղցիներն էլ, որ ժողովրդի մեջ սերմանվեց մեր՝ բոլորիս կողմից վարվող այլանդակ քաղաքականության շնորհիվ, եւ այդ օգտագործելով, ինքն իբրեւ թե խուսափում է պատերազմից, եւ, հետեւաբար, իրեն են ընտրելու։

– Ձեր նախկին կուսակից ընկերները՝ ՀՅԴ-ականները, չե՞ն նեղացել Ձեզնից։

– Թեթեւակի զրույց եղել է որոշ ընկերների հետ, եւ պարզաբանումներ եմ տվել, թե ինչ նպատակով եմ ասել, ու ներկայացրել եմ Նիկոլին իշխանությունից հեռացնելու իմ եւ Ասլանյան Հակոբի ծրագիրը, այն է՝ միասնական ճակատով գնալ ընտրության, որի կենտրոնում լինելու է Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժումը, ձախ կողմում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ հավաքված ուժերը, իսկ աջ կողմում՝ նրանք, որոնք անտագոնիստական հակասություններ ունեն ձախերի հետ, այդ թվում՝ մենք: Բայց քանի որ բոլորի նպատակն էր Նիկոլին հեռացնելը, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ գնում ենք այդ նպատակին։ Աջ մասում, օրինակ, կարող են լինել Լեւոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Դոկ եւ այլն։

Ճակատը հանդես է գալիս հայտարարությամբ, որ ինքը Հայաստանի իշխանության ստորագրած բոլոր փաստաթղթերին տեր է, երկրորդ՝ իշխանության է գալիս մեկ տարի ժամկետով, այդ մեկ տարվա ընթացքում Ալիեւին, Էրդողանին, էն ԵՄ-ի հիմար Կալլասին, ապուշ Մակրոնին, տուֆտա Մերցին ասում է, որ, սիրելիներս, մեկ տարի մեզ չանհանգստացնեք, մենք կայուն վիճակ ենք ստեղծում, բոլոր փաստաթղթերին տեր ենք՝ խաղաղության պայմանագիր եւ այլն, մեկ տարի հետո այս քաղաքական ուժերն իրենց ծրագրերով կներկայանան ժողովրդին, եւ այդ ժամանակ կձեւավորվի ռեալ քաղաքական պատկերը, ընդ որում՝ ստորագրվում են կետեր, թե ճակատում գտնվող ուժերը միմյանց հետ ինչ փոխկապակցվածության մեջ են գտնվում։

Եվ քանի որ Փաշինյանն իքս պահին այս կամ այն ուժին, որն իրեն վտանգ է ներկայացնելու, տվյալ դեպքում՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժմանը դուրս է հանելու մրցապայքարից, վերջինի համակիրներն իրենց ձայնը պետք է տան այդ ճակատին՝ իմանալով, որ Կարապետյանի ուժը մաս է կազմելու կառավարությանը՝ իր կշռին համաձայն։