18/04/2024

Գագիկ Ծառուկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքը բռնագանձելու գործը

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Գագիկ Ծառուկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձելու գործով նախնական դատական հերթական նիստը։

Նախորդ նիստերում միջնորդություն էր ներկայացվել օրենքի տեսանկյունից Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի ընկերություններին որպես երրորդ անձ ներգրավելու մասին, այսօրվա նիստին, սակայն, նրանք չէին ներկայացել դատարան, քանի որ չէին ծանուցվել։

Իսկ առայժմ երրորդ անձ չներգրավված կողմերին գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու մասին դատավոր Լիլի Դրմեյանի հարցին ի պատասխան դատախազը դիրքորոշում հայտնեց, որ դատավարական կանոնակարգը թույլ չի տալիս, բացի դրանից՝ տեսականորեն հնարավոր է, որ դատարանը չի բավարարում այդ սուբյեկտներին որպես երրորդ կողմ ներգրավելու մասին միջնորդությունը, հետևաբար նրանք չեն կարող ծանոթանալ նյութերին։ Առավել ևս, որ դրանք նաև բանկային գաղտնիք և գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ են պարունակում։

Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանն էլ միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ իրենց ողջամիտ ժամկետ տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար, քանի որ վերջերս է ներգրավվել որպես Ջավահիր Ծառուկյանի պաշտպան։

Ի վերջո, դատարանը որոշեց հետաձգել նիստն ու նոր նիստ նշանակել ապրիլի 15-ին։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել՝

79 անշարժ գույք.

42 տրանսպորտային միջոց.

չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռք բերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.

զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.

10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք.

39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.

63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.

12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.

86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար: