27/07/2024

Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման քաղաքականություն վարելու գիտակցված որոշում է կայացրել. Լավրով

Երևանը չի հաստատել ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևի այցի հնարավորությունը Հայաստան:

Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Սա, ըստ Լավրովի, Հայաստանի կողմից որոշակի հեռավորություն պահելու միտումի հաստատումն է։ Ըստ նրա, Իգոր Խովաևը վերջերս այցելել էր Ադրբեջան:

Ռուսական կողմը ցավում է, որ Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամb քաղաքականություն վարելու գիտակցված որոշում է կայացրել։

«Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն վարել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման քաղաքականություն, Ռուսաստանին մեղադրել այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա, իհարկե, դաշնակցային քաղաքականություն չէ»,- ասել է նախարարը։

Սերգեյ Լավրովը չի հաստատել լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցի քննարկումներ են ունեցել։

«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը», – ասել է Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ որոշ հայ գործիչներ Երևանի և Մոսկվայի համագործակցությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում սխալ են համարում։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նկատել էր՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների գոյության հարցը անհանգստացնող է։

Ռուսաստանը հույս ունի պատասխան ստանալ Հայաստանի Հանրապեությունից՝ կապված պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցության հետ։

«Ժամանակն է, որ Հայաստանը որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում: Ռուսաստանը սպասում է պատասխանի»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել ապրել և ինչպես են ուզում փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում՝ներառյալ ՀԱՊԿ-ը»,- նշել է նա։