Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը և պետականությանը։
Չախոյանը ընդգծել է, որ պետության ներսում պետություն չի կարող լինել:
«Լեռնային Ղարաբաղում հեղաշրջում իրականացնելուց և դրա արդյունքում Ղարաբաղը հայաթափելուց հետո նույն արկածախնդիրները փորձում են վտարանդի կառավարություն ներկայանալ Հայաստանում, ինչը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը»,- գրել է նա:
Հարցին Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր, նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»,- շեշտել էր նա:
Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը Le Figaro պարբերականին, ի պատասխան հարցի, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։
Բաց մի թողեք
Աղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև
Հերոսներն այլևս հարկ վճարողները չեն, այլ ԱԺ ՔՊ պատգամավորները․ Դիլբարյան