27/07/2024

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը վերջինիս գտել է անկողնում մահացած վիճակում, գլխին՝ արյան հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված վարութային և ապացուցողական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ տարեց կնոջ առերևույթ սպանությունը կատարել է վերջինիս համագյուղացին՝ նրա տուն ներխուժելու հանգամանքը թաքցնելու նպատակով։

Մասնավորապես, 24-ամյա երիտասարդը 2023թ․ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է նախկին ընկերուհու տուն ու թակել լուսամուտը։

Սակայն, տեսնելով, որ տանտերերն իրեն նկատել են, վազելով հասել է հարևանությամբ գտնվող տուն, կոտրել պատուհանի ապակին ու, խախտելով 93-ամյա կնոջ բնակարանի անձեռնմխելիությունը՝ պատուհանով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան:

Այնտեղ գտնվելու ընթացքում երիտասարդը մտել է տանտիրուհու ննջասենյակ, որտեղ էլ կինն իրեն նկատել է, ինչից հետո իր կողմից նրա բնակարան ապօրինի մուտք գործելը թաքցնելու նպատակով, կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել տարեց կնոջ գլխի և դեմքի շրջաններին՝ նրան պատճառելով մահացու վնասվածքներ։

Բացի այդ, իր կողմից հասցված վնասվածքների հետևանքով անօգնական վիճակում գտնվող կնոջ կամքն անտեսելով, երիտասարդը նախքան նրա մահանալը, վերջինիս նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ։ Այնուհետև, գողացել է տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսներն ու հեռացել:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ագարակի 24-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ 207-րդ հոդվածի 1-ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (Սպանությունը), 198-րդ հոդվածի 1-ին մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (Գողությունը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։