Որքան որ ես կարողանում եմ ինքս ինձ գնահատել, ես փոքրոգի, հիշաչար մարդ չեմ, բայց երբ․․․ համը հանում են, չեմ կարողանում լռել։ Չեմ լռում՝ այս ու այն կողմից տարբեր մերձգրական տխմարներ Ֆեյսբուքով հարձակվում են վրաս, թե՝ տեսե՜ք, Զավեն Բեկյանն ինչ «բողոքական» մարդ է․․․
Աշխատեմ ասելիքս կարճ ասել՝ որքան հնարավոր է։ Այս տարի լույս տեսած իմ «Աստեղային գիշերահավասար» գրքում կա նաեւ մի հոդված՝ «Ես եւ քննադատությունը» վերնագրով։ Այդտեղ, մասնավորապես, հիշատակել եմ նաեւ Զավեն Ավետիսյանին, որն իր երկհատորանոց հայ պոեզիայի անթոլոգիայում, 70 (յոթանասու՜ն պոետ Հայաստանում… պատկերացնո՞ւմ եք) անունների «կազմում» տեղ չէր գտել ինձ համար։ Վրդովմունքս այնքան մեծ էր, որ Գրողների միությունից դուրս գալու դիմում տվեցի լուսահոգի Լեւոն Անանյանին։ Նա այդ դիմումը երկար ժամանակ պահեց իր գզրոցում, հետո․․․հաշտվեցինք․․․ Ինքը մեղք չուներ, անթոլոգիան կազմելու գործերին չէր խառնվել։ Առհասարակ, Լեւոնի ժամանակ հայ ժամանակակից պոեզիայի՝ օտար լեզուներով շատ անթոլոգիաներ են լույս տեսել, եւ դրանցում չի եղել մեկը, որից ես դուրս թողնված լինեմ։ Հիմա Գերմանիայում տպագրվել է ժամանակակից հայ պոեզիայի նոր անթոլոգիա՝ 20 հեղինակ, եւ նորից ինձ «բաց են թողել», թեեւ հիմա կարող եմ այդ անուններից ամենաքիչը մի 10 հոգու թվարկել, որոնց բանաստեղծ համարելը ․․․ բանական մարդու համար արտառոց բան կլիներ։
Հարցազրույցներից մեկի ժամանակ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, թե տարբեր առիթներով, տարբեր շփումներում բոլորը «բանավոր մակարդակում» բարձր են գնահատում իմ պոեզիան, բայց հենց որ գալիս է «պաշտոնական գնահատման» (գրավոր եւ այլն) պահը, ոչ մեկը դա չի անում։ Արքմենիկը հարցրեց, թե դա, իմ կարծիքով, ինչու է այդպես։ Ես այն ժամանակ խուսափեցի կոնկրետ պատասխանից, բայց հիմա ասում եմ՝ որովհետեւ տրաքվում են նախանձից ու չարակամությունից։ Ու որպես այս տեքստում վերջին խոսք, մեջբերում եմ այս տարի լույս տեսած իմ «Կենսագրության վայրեր» գրքից մի բանաստեղծություն․
ԱՆՈՒՆՍ
Զավեն Բեկյան անուն,
դու դրվել ես, որ ծաղկես
լուսաստվերների մեջ միջօրեի
եւ ճոճվես անհամեստ ու երեւելի
արեւածաղիկների պսակների հետ․․․ –
Ի հեճուկս կրիտիկոսների ու մերձգրականների,
որ քեզ արտաբերում են քամահրանքով ու շշուկով
եւ ի սեր քո մտերիմ հրեշտակների,
որ բեմադրում են քեզ զուսպ մնջախաղով՝
մեջ երեկոյան շամանդաղի․․․
Զավեն Բեկյան անուն,
քո մեջ տառերն են խրախճանում,
եւ որոնք քո տիրոջ վախճանին
իր շիրմաքարին կփռվեն հարբած՝
իբրեւ մի փառահե՜ղ էպիտաֆիա ․․․
Զավեն Բեկյան


Բաց մի թողեք
Հալաբյան 13-ում գտնված աղջկա ծնողները դեռ չեն հայտնվել․ փոքրիկը դեռ հիվանդանոցում է
Ինչու է պիկ ժամերին մետրոյում սարսափելի վիճակ ստեղծվում
Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է. Լուսանկար