08/09/2026

EU – Armenia

Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները սրվել են․ հյուպատոսություններ են փակվում

Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը։ Հյուպատոսությունն իր գործունեությունը պետք է դադարեցնի սեպտեմբերի 18-ից ոչ ուշ, նույն օրվա դրությամբ կառույցի բոլոր աշխատակիցները պետք է լքեն երկիրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Որոշումն ընդունվել է ի պատասխան Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկու երկրների հարաբերություններում լարվածության նոր փուլի պատասխանատու համարում է Բեռլինին․ «Հենց գերմանական իշխանություններն են հերթական անգամ սրացման նոր փուլ հրահրել երկկողմ հարաբերություններում։ Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Գերմանիայի կառավարության վրա», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի իշխանությունները հայտարարել են Բեռլինում Ռուսական տան և երկրում վերջին ռուսական հյուպատոսության փակման որոշման մասին: Դա հաջորդել էր օգոստոսին Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, որոնց, Գերմանիայի իշխանությունների տվյալներով, առնչություն ունի Ռուսաստանը:

Հիշեցնենք՝ 2026 թվականի օգոստոսի 4-5-ի գիշերը Գերմանիայի Լայպցիգ/Հալլե (Leipzig/Halle) օդանավակայանում տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներգրավմամբ դիվերսիոն հարձակման լուրջ փորձ։ Օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է պայթուցիկով բեռնված ԱԹՍ, որի թիրախը եղել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռը։